Գեր ամուսինները միասին 140 կիլոգրամ նիհարել են՝ երեխա ունենալու համար (ֆոտո)

30 մայիսի, 2017  23:47

Քալիֆորնիայից 24-ամյա Քելլի Հեյվելը 165 կգ է կշռել, երբ բժիշկները նրա մոտ ձվարանների պոլիկիստոզ են ախտորոշել: Այն անպտղություն ու քաշի ավելացում է առաջացնում։ Աղջկան միանգամից նախազգուշացրել են, որ հղիության հնարավորությունները շատ քիչ են, եւ հղիանալու դեպքում անգամ կարող է վիժել, հայտնում է Metro-ն։

Բայց Քելլին վճռական էր տրամադրված մայրանալու հարցում, այդ պատճառով սկսել է նիհարել: Նա 90 կգ է կորցրել՝ նվազագույնի հասցնելով շաքարի օգտագործումը, նաեւ շաբաթական հինգ օր ինտենսիվ մարզվելով։ Քելլիի ամուսինն այնքան է ոգեւորվել կնոջ օրինակով, որ նույնպես սկսել է դիետայի հետեւել եւ նիհարել է ավելի քան 55 կգ-ով։

Ընդհանուր ջանքերով զույգը նիհարել է մոտ 140 կգ, ինչի շնորհիվ հասել է ցանկալի արդյունքի. հունվարին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը։ Քելլին պատմում է, որ մանուկ տարիքից գիրուկ է եղել։ Աղջկան դպրոցում հաճախ ծաղրել են, ինչի արդյունքում նա սկսել է ավելի շատ ուտել։

«Իմ ամենամեծ վախը երեխա չունենալն էր։ Եվ իմ դուստրն ասես հրաշք լինի ինձ համար։ Ես հղիացել եմ առանց որեւէ դեղորայք ընդունելու, չնայած հավանականությունը շատ փոքր էր»,- ասում է Քելլին։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում