Բժիշկները հայտնել են նիհարելու համար ամենաարդյունավետ սննդակարգը

14 հունիսի, 2017  10:41

Բուսական սննդակարգը նիհարելու համար գրեթե կրկնակի արդյունավետ է, քան ցածրկալորիականը, որը ներառում է կենդանական ծագմամբ մթերքներ: Այսպիսի եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները:

Վաշինգտոնում Բժիշկների կլինիկական հետազոտությունների կոմիտեի (Committee for Responsible Medicine in Washington DC) տնօրեն Հանա Քալեովայի խոսքով՝ բացի ավելորդ քաշի «այրումից», բուսական սննդակարգը բարելավում է նյութափոխանակությունը, այդ պատճառով խորհուրդ է տրվում հատկապես մետաբոլիկ համախտանիշով եւ 2-րդ տիպի դիաբետով տառապող մարդկանց:

Համապատասխան հետազոտությանը մասնակցել է դիաբետով տառապող 74 հիվանդ: Նրանց 2 խմբի են բաժանել: Առաջին խմբում ընդգրկվածները Դիաբետի հետազոտման եվրոպական ասոցիացիայի (EASD) հրահանգների շրջանակում սնվել են տարատեսակ մթերքներով, երկրորդում հետեւել են բուսական սննդակարգին, որը կազմված էր բանջարեղենից, հացաբույսերից, լոբազգիներից, մրգերից, ընկուզեղենից, նաեւ օրական մեկ բաժին ոչ յուղոտ յոգուրտից: Բոլոր հիվանդների սննդակարգերը նախատեսում էին օրական 500-ից ոչ ավելի կիլոկալորիայի օգտագործում:

Մեկ շաբաթվա ընթացքում «բուսակերները» կորցրել են միջինում 6,2 կիլոգրամ, մինչդեռ մյուս խմբի ներկայացուցիչները 2 անգամ ավելի քիչ են քաշ կորցրել: Գիտնականները նաեւ արձանագրել են, որ եթե ներմկանային ճարպը կրճատվել է փորձի բոլոր մասնակիցների մոտ (թեկուզ եւ տաբեր չափով), ապա ենթաթաղանթային ճարպը վերացել է միայն բուսական սննդակարգ օգտագործողների մոտ:

«Պարզվում է՝ քաշի նվազման համար բուսական սննդակարգերն ամենաարդյունավետն են: Սա արդարացի է ինչպես 2-րդ տիպի դիաբետով տառապողների, այնպես էլ մնացյալ բոլոր մարդկանց համար, ովքեր ցանկանում են բարեկազմ եւ առողջ լինել: Գլխավորը մասնագետների խորհուրդներին հետեւելն է»,- եզրափակել է Հանա Քալեովան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում