Լիարժեք երջանկության համար հարկավոր է քնել 7 ժամ 6 րոպե

19 հունիսի, 2017  13:01

Քնի կատարյալ տեւողությունը պետք է կազմի 7 ժամ եւ 6 րոպե: Նման եզրահանգման են եկել Արիզոնայի համալսարանի գիտնականները՝ ներքնակ պատրաստող Amerisleep ընկերության պատվերով հետազոտություն անցկացնելով: Նրանք ուսումնասիրել են 2.000 ամերիկացիների քնի տեւողությունը:

Հետազոտության մասնակիցներին խնդրել են գնահատել իրենց «երջանկության» մակարդակը, ինչպես նաեւ նշել, թե որքան ու ինչպես են քնում: Պարզվել է, որ նրանք, ովքեր անձնական հարաբերությունների եւ էմոցիաների առումով իրենց «դժբախտ» են զգում, ընդհանուր առմամբ, 6 ժամ 48 րոպեից պակաս են քնում: Իսկ բացարձակ երջանիկները քնում են 7 ժամ 6 րոպե:

Հետազոտությունը նաեւ հաստատել է նախորդ ուսումնասիրությունների մի քանի տվյալներ: Օրինակ՝ հաստատվել է, որ կանայք ավելի դժվար են քունն առնում, քան տղամարդիկ: Հաստաստվել է նաեւ տարիքի գործոնը. մինչեւ 25 տարեկանները զգալիորեն ավելի երկար են քնում, այսինքն՝ տարիքի հետ մարդու քնի տեւողությունը նվազում է:

Daily Mail-ը գրում է եւս մեկ հետաքրքիր բացահայտման մասին: Նրանք, ովքեր նշել են, որ լավ են հանգստանում, քնելուց առաջ մեդիտացիա են անում կամ ցնցուղ են ընդունում: Բացի այդ, շատ կարեւոր է միշտ միեւնույն ժամին անկողին մտնելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում