Ի՞նչ է կատարվում մարդու օրգանիզմում ծխելը թողնելուց հետո

25 հունիսի, 2017  16:40

Ամեն տարի ծխելը եւ դրա հետ կապված բազմաթիվ հիվանդություններ ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում: Ամեն դեպքում, բազմաթիվ ծխողներ չեն շտապում ազատվել այդ սովորույթից. նրանց թվում է, որ վնասն արդեն հասցվել է, եւ ծխելուց հրաժարվելը քիչ բան կփոխի իրենց կյանքում:

Իրականում այդպես չէ: Ծխելուց հրաժարված մարդու օրգանիզմում արդեն մեկ ժամ անց բարելավում է նկատվում: Դրանից հետո ամիս առ ամիս առողջությունն ամրապնդվում է, իսկ 20 տարի անց արդեն մարդն առողջությանը սպառնացող վտանգների առումով հասնում է իր չծխող հասակակիցներին:

Եվ այսպես, ի՞նչ է տեղի ունենում ծխելուց հրաժարվող մարդու օրգանիզմում:

Մեկ ժամ անց

Վերջին ծխախոտը ծխելուց 20 րոպե անց արդեն սրտի ռիթմը նորմայի է հասնում, արյան շրջանառությունը սկսում է վերականգնվել:

12 ժամ անց

Ծխախոտում տոքսիններ կան, օրինակ՝ ածխաջրածնի մոնոօքսիդ, որը թթվածնին թույլ չի տալիս թոքեր եւ արյուն թափանցել: Ծխելը թողնելուց 12 ժամ անց օրգանիզմից դուրս են գալիս ածխաջրածնի մոնոօքսիդի վերջին մնացորդները, եւ թթվածնի մակարդակն օրգանիզմում նորմայի է հասնում:

1 օր անց

Ծխելուց հրաժարվելուց մեկ օր անց արդեն ուղեղի, սրտի կաթվածի եւ սիրտ-անոթային այլ հիվանդությունների վտանգը սկսում է կրճատվել:

2 օր անց

Ծխելը վնասում է նյարդային վերջույթները, որոնք օգնում են տարբերել հոտերն ու համերը: Ծխելը թողնելուց հետո հոտառությունն ու համի զգացողությունը սկսում են բարելավվել:

3 օր անց

3 օր անց նախկին ծխողի օրգանիզմում նիկոտին գրեթե չի մնում: Առողջ մարդու օրգանիզմում նիկոտին ընդհանրապես չպետք է լինի, բայց ծխողի մոտ արդեն այդ նյութից կախվածություն է առաջանում, այդ պատճառով ծխելը թողնելուց 3 օր անց արդեն մարդն ավելի գրգռված է դառնում, գլխացավեր, ծխելու անհաղթահարելի ցանկություն է ունենում: Կարեւորն այդ շրջանում գայթակղությանը չտրվելն է:

1 ամիս անց

Մեկ ամիս անց թոքերը սկսում են ավելի լավ աշխատել, մարդն ավելի դյուրին է շնչում, վազում եւ ցատկոտում:

9 ամիս անց

Թոքերի գործառույթները սկսում են բարելավվել: Այդ ընթացքում բազմաթիվ նախկին ծնողներ նկատում են, որ ավելի հազվադեպ են հիվանդանում եւ արագ են առողջանում:

1 տարի անց

Մեկ տարի անց սրտի իշեմիկ հիվանդության առաջացման վտանգը 50%-ով նվազում է:

5 տարի անց

Ծխախոտում առկա տոքսինները վնասում են զարկերակներն ու անոթները, մեծացնում թրոմբի առաջացման վտանգը: Ծխելուց հրաժարվելուց 5 տարի անց անոթների վիճակը բարելավվում է, թրոմբի եւ դրա հետ կապված կաթվածի վտանգը՝ նվազում:

10 տարի անց

Ծխելուց հրաժարվելուց 10 տարի հետո թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը երկու անգամ կրճատվում է: Զգալիորեն նվազում է նաեւ բերանի խոռոչի, կոկորդի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման վտանգը:

20 տարի անց

20 տարի առաջ ծխելը թողած մարդու մոտ թոքերի քաղցկեղի եւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը նույնն է, որքան այն մարդկանց մոտ, որոնք երբեք չեն ծխել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում