Կրծքով երկարատեւ կերակրելը օգտակար է մոր առողջության համար

24 հունիսի, 2017  21:06

Մայրիկը որքան երկար է երեխային կրծքով կերակրում, այնքան նրա մոտ փոքր է ավելի մեծ տարիքում սրտի կամ գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը, պարզել են Օքսֆորդի եւ Պեկինի համալսարանների գիտնականները:

Գիտնականները վերլուծել են 300 հազար չինուհիների, որոնց միջին տարիքը 51 տարեկանն է եղել, հղիության, ծննդաբերության, առողջական ընդհանուր վիճակի եւ կենսակերպի մասին տվյալները:

Գրեթե բոլորը երեխաներ են ունեցել, եւ այս կանանց բացարձակ մեծամասնությունը առնվազն մեկ տարի իրենց յուրաքանչյուր երեխային կրծքով է կերակրել: Մասնակիցների դիտարկումները տեւել են 8 տարի: Եթե հետազոտության սկզբում կանայք սրտանոթային հիվանդություններով չեն տառապել, ապա այս ժամանակահատվածի վերջին նրանցից ավելի քան 40 հազարի մոտ գրանցվել են սրտի կամ գլխուղեղի կաթվածի դեպքեր:

Հաշվարկները ցույց են տվել, որ կրծքով կերակրելը, հատկապես երկարատեւ, մեծ տարիքում մայրերին պաշտպանում է սրտի եւ անոթների հիվանդություններից: Այսպես` երեխաներին կրծքով կերակրած կանանց մոտ սրտի իշեմիկ հիվանդությունների առաջացման հավանականությունը 9 տոկոսով ցածր է եղել, իսկ կաթվածինը` 8 տոկոսով, քան այն կանանց մոտ, ովքեր հրաժարվել են կրծքով կերակրելուց: Իսկ այն մայրիկների մոտ, որոնք իրենց յուրաքանչյուր երեխային կրծքով են կերակրել առնվազն 2 տարի կամ ավելի երկար, տարեց տարիքում սրտի հետ կապված խնդիրների հավանականությունը նվազել է 18 տոկոսով, իսկ կաթվածի հավանականությունը` 17 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, կրծքով կերակրելու յուրաքանչյուր կես տարին սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը 4 տոկոսով նվազեցնում է, իսկ կաթվածի հավանականությունը` 3 տոկոսով:

Հետազոտության հեղինակների կարծիքով` ամբողջ հարցն այն է, որ կրծքով կերակրելն ապահովում է հղիությունից հետո մայրական օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսի արագ «վերբեռնմանը»: Հղիության ժամանակ օրգանիզմը սկսում է ճարպ կուտակել, որ իրեն էներգիայի պաշարով ապահովի, որը պահանջվում է պտղի զարգացման եւ ծննդաբերությունից հետո երեխային կերակրելու համար: Կրծքով կերակրելն օգնում է արագ եւ լիովին ազատվել արդեն ոչ պիտանի ճարպային պաշարներից, որոնք ավելորդ ծանրաբեռնում են սիրտը եւ անոթները:

Դրանից բացի, կերակրող մայրերը ընդհանրապես ավելի առողջ կենսակերպ են վարում, որն օգտակար է սրտանոթային համակարգի համար, քան այն կանայք, որոնք կրծքով չեն կերակրում, նշում են գիտնականները: 

Հոդվածը հրապարակվել է Journal of the American Heart Association ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում