Խուլիգան տղաների եւ աղջիկների ուղեղում տարբերություններ կան

24 հուլիսի, 2017  10:42

Վարքի խանգարմամբ աղջիկների եւ տղաների ուղեղը միմյանցից տարբերվում է, պարզել են Բաթայի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները կօգնեն բուժման մեթոդներ ստեղծել՝ հիմնված հիվանդի սեռական պատկանելության վրա: Գիտնականներն իրենց եզրակացությունները շարադրել են Journal of the American Academy of Child and Adolescent Psychiatry-ում հրապարակված հոդվածում:

Հետազոտությանը մասնակցել են 14-ից մինչեւ 18 տարեկան 200 դեռահասներ: Նրանցից 96-ի մոտ բժիշկները վարքի խանգարումներ են ախտորոշել: Այս հիվանդությամբ տառապող մարդիկ չեն կարողանում իրենց վարքը վերահսկել սահմանված հասարակական նորմերին համապատասխան: Մնացած 104 մասնակիցներն առողջ էին:

Մասնագետները մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) միջոցով ստացել են փորձարկվողների գլխուղեղի սքանավորված պատկերները: Գիտնականները տարբերություններ են հայտնաբերել նախաճակատային կեղեւում՝ հատված, որը պատասխանատու է որոշումների ընդունման, սոցիալական վարքի եւ փոխազդեցությունների վերահսկողության համար: Վարքի խանգարումներով տղաների եւ աղջիկների մոտ գլխուղեղի այս հատվածը ավելի բարակ է եղել, քան ստուգիչ խմբի դեռահասների մոտ:

Պարզվել է նաեւ, որ խուլիգան տղաների եւ աղջիկների ուղեղի որոշակի հատվածների կառուցվածքը տարբերվում է: Օրինակ՝ մի քանի հատվածներում գլխուղեղի կեղեւը տղաների մոտ ավելի պինդ է եղել եւ ավելի բարակ աղջիկների մոտ:

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ հակասոցիալական վարքով տղաների եւ աղջիկների ուղեղի զարգացումը խախտվում է: Այս տվյալները վկայում են, որ նման վարքի պատճառները, դրանց կենսաբանական հիմքը կարող են սեռից կախված տարբերվել: Հայտնագործությունը կօգնի հիվանդ դեռահասների բուժման արդյունավետ մեթոդներ մշակել՝ կախված նրանց սեռական պատկանելությունից»,- նշել է հետազոտության հեղինակ Գրեմ Ֆերչայլդը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում