Ես վերցրի պապիս դանակն ու Հայաստան եկա. Ռոջեր Օհանեսյանը՝ Հայկական ակնաբուժության նախագծի մասին

24 հուլիսի, 2017  14:37

Ես վերցրի պապիկիս դանակն ու ատրճանակը, որը 1920 թվականի ազատագրական պատերազմի մասնակից էր, եւ Հայաստան եկա: Դա 1992 թվականի աշնանն էր: Երեւանում ընթացող Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողովում այս մասին նշեց նախագծի հիմնադիր, Հարվարդի ակնաբույժների կազմակերպության նախագահ Ռոջեր Օհանեսյանը: Համաժողովը կազմակերպվել է  Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադրման 25-ամյակի շրջանակում:

Ռոջեր Օհանեսյանը նշեց, որ ապագա մասնագիտության իր ընտրության հարցում մեծ դեր է խաղացել տատիկը, որը տեսողության խնդիրներ ուներ: Իսկ Հայաստան գալու որոշման վրա ազդել են պապիկի պատմությունները, որը մասնակցել է 1920 թվականի ազատագրական պատերազմին: Պապիկը նրան է նվիրել իր մարտական ատրճանակն ու դանակը, եւ դրանք հետը վերցնելով՝ Ռոջեր Օհանեսյանը մյուս բժիշկների հետ միասին Հայաստան է եկել, որն այդ ժամանակ պատերազմում էր հանուն Լեռնային Ղարաբաղի:

Ինչպես պատմեց հայտնի ակնաբույժը, իրենք այդ ժամանակ էքստրեմալ պայմաններում էին աշխատում. պատահում էին ջրի եւ էլեկտրականության մատակարարումների ընդհատումներ, չէին բավականացնում բժշկական պարագաներն ու դեղորայքը: «Ակնաբույժներն առանց ձեռնոցների էին աշխատում, քանի որ ձեռնոցները բավականացնում էին միայն վիրաբույժներին»,- պատմեց նա: Մեծ թվով վիրավորներ կային, որոնց աչքերը վնասվել էին ռումբերի եւ արկերի բեկորներից: Ռոջեր Օհանեսյանը մի տղայի մասին հիշեց, որն աչքի բեկորային վնասվածքներ ուներ եւ անընդհատ լալիս էր ու ոչ մի կերպ չէր կարողանում հանգստանալ: Ռոջեր Օհանեսյանի պարզաբանմամբ՝ տղան կարծում էր, որ իրենք ԱՄՆ-ից իր համար նոր աչքեր ենք բերել: Եվ հասկանալով, որ այդպես չէ, սարսափելի հիասթափվեց: «Մարդիկ այստեղ կարծում էին, թե ԱՄՆ-ում ամեն ինչ կարող են անել, կարող են հրաշքներ գործել»,- նշեց Ռոջեր Օհանեսյանը: Հրաշքներ, իհարկե, չկային, սակայն ԱՄՆ-ից եկած բժիշկները այդ ժամանակ Հայաստանին շատ օգնեցին ե՛ւ գիտելիքներով ու փորձով, ե՛ւ բժշկական սարքավորումներով ու դեղորայքով:

Այսօր՝ 25 տարի անց, Ռոջեր Օհանեսյանի խոսքով, Հայաստանում ակնաբուժական օգնության ցուցաբերման համար ամեն ինչ կա:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Հայկական ակնաբուժության նախագիծը շարունակում է Հայաստանին օգնություն ցուցաբերել ինչպես հայ բժիշկների ուսուցման հարցում, այնպես էլ բժշկական սարքավորումներով հագեցնելու, որպեսզի ակնաբուժական օգնությունը հասանելի լինի բնակչության լայն շերտերին, հատկապես մարզերում:

Նա նշեց, որ ամբողջ աշխարհում այսօր թիվ մեկ խնդիրը դիաբետիկ ռետինոպատիան է, եւ Հայկական ակնաբուժության նախագիծը մտադիր է մոտ ժամանակներում Հայաստանում այս պաթոլոգիայի կանխարգելման, վաղ հայտնաբերման ու բուժման գործունեություն ծավալել: Նա հավելեց, որ Հայաստանում հնարավոր է այն, ինչ անհնար է ուրիշ երկրներում, մասնավորապես՝ երկրի ամբողջ բնակչությանն ընդգրկել նշված նախագծի մեջ:

Հայկական ակնաբուժության նախագծի հայկական գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 15-րդ համաժողովը նվիրված է ակնաբուժությանն եւ նեոնաթալոգիային: Համաժողովին 15 երկրներից մասնագետներ են մասնակցում: «Մեր հիմնական նպատակը Հայաստանում ակնաբուժության զարգացումն է՝ հայ բժիշկների հետ միասին, եւ մենք դա անում ենք 25 տարի շարունակ»,- ասաց նա:

Համաժողովին մասնակցում են հայտնի ակնաբույժներ արտերկրից, որոնց թվում են ԱՄՆ-ից Թոմաս Լին (Լոս Անջելեսի մանկական հիվանդանոց) եւ Մեծ Բրիտանիայից Սուի Չեն Վոնգը (Մուրֆիլզի աչքի հիվանդանոց եւ Լոնդոնի Թագավորական անվճար հիվանդանոց):

Համաժողովի բացմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանը, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը եւ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում