Սուրճը կարող է նվազեցնել հաստ աղու քաղցկեղի վտանգը

11 ապրիլի, 2014  19:33

Գիտնականները հայտնաբերել են, որ օրը 2 բաժակ սուրճը նվազեցնում է հաստ աղու քաղցկեղի առաջացման վտանգը: Հարավային Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողները Իսրայելում հետեւել են 8500 մարդկանց կողմից սուրճի օգտագործմանը, որոնցից 5000-ը՝ հաստ աղու քաղցկեղով:

Արդյունքները ցույց են տվել, որ սուրճ օգտագործողները մեկ երրորդով ավելի քիչ են ենթակա եղել հաստ աղու քաղցկեղի ռիսկի, քան այն մասնակիցները, որոնք ընդհանրապես սուրճ չեն խմել, հաղորդում է Newmax Health-ը՝ LiveSciense կայքին հղումով: Եվ որքան շատ սուրճ են օգտագործել մասնակիցները, այնքան ցածր է եղել հաստ աղու քաղցկեղով հիվանդացության վտանգը:

Առաջատար հետազոտող Սթեֆանի Ստենզելը, որը ներկայացնում էր արդյունքները Քաղցկեղի հետազոտման ամերիկյան ասոցիացիայի նիստին, հայտնել է, որ հետազոտությունը սուրճի ուժեղ հակաքաղցկեղային նյութեր պարունակելու մասին առկա ապացույցներին եւս մեկն ավելացրեց:

Գիտնականներն ենթադրում են, որ սուրճն իջեցնում է քաղցկեղի վտանգը, քանի որ արագացնում է սննդի անցումը հաստ աղով՝ դրանով իսկ կրճատելով քաղցկեղածին նյութերի հնարավոր ներծծման ժամանակահատվածը: Բացի այդ հնարավոր է, որ սուրճում առկա միացություններն ազդում են աղիներում մանրէների կազմի վրա կամ ունեն ուղղակի հակաքաղցկեղային հատկություններ:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում