Կառավարությունը գաղտնի՞ է պահում դեղերի շուկայում ստվերի կրճատման մասին տեղեկատվությունը

19 սեպտեմբերի, 2017  14:17

Դեղ արտադրողների եւ ներմուծողների միությունը շարունակում է երեք ամիսը մեկ պաշտոնապես դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ դեղերի ոլորտում ստվերի կրճատման մասին տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով: Այս մասին օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԴԱՆ միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը։

«Դրոշմապիտակները սկսեցին կիրառվել՝ հիմնավորմամբ, որ գոյություն ունի 20% ստվերային շրջանառություն, եւ այդ որոշումը կարող է նպաստել դրա կրճատմանը։ Սակայն մեզ այդպես էլ տեղեկատվություն չէին տրամադրում նվազման մասին, իսկ վերջին երկու դեպքերում հայտնեցին, որ այդ տեղեկատվությունը գաղտնի է, չեն կարող այդ մասին խոսել»,- հայտնեց ԴԱՆ միության ղեկավարը։

Զաքարյանի խոսքով՝ ժամանակին իրենց հիմնավորումներ էին ներկայացնում, որ կստեղծվի հիմնադրամ, եւ ստվերի կրճատումից առաջացած գումարները կուղղվեն առողջապահության ոլորտ: Բայց հիմնադրամն այդպես էլ չստեղծվեց։

Նշենք, որ 2014 թվականի հունիսին ԱԺ-ն հրատապ ռեժիմով ընդունել է կառավարության ներկայացրած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որի՝ նոյեմբերի 1-ից դեղերը պարտադիր պետք է դրոշմավորվեն:

ԴԱՆ միությունն ի սկզբանե դեմ է եղել այդ որոշմանը՝ պնդելով, որ Հայաստանում դեղերի ստվերային շրջանառություն չկա, իսկ դրոշմապիտակները միայն բարդացնում են դեղերի արտադրության եւ ներմուծման գործընթացն ու հանգեցնում դեղերի թանկացման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում