Տավուշում կան դեպրեսիայով բազմաթիվ հիվանդներ. ամերիկացի բժիշկ

23 սեպտեմբերի, 2017  22:26

ԱՄՆ-ից ժամանած բժիշկներին այցելելու համար Նոյեմբերյան եկած Հայաստանի քաղաքացիների մեջ շատ էին դեպրեսիայով հիվանդները: Այս մասին NEWS.am Medicine- ի թղթակցի հետ զրույցում ասաց ընտանեկան բժիշկ Ծովինար Թեքելյանը (ԱՄՆ):

Ըստ բժիշկի՝ դեպրեսիան կարող է այդքան տարածված լինել այս տարածաշրջանում՝ պայմանավորված մեծաթիվ սթրեսներով, որոնց հանդիպում են բնակիչները: Սա հատկապես վերաբերվում է սահմանամերձ գյուղերում բնակվողներին:

Ծովինար Թեքելյանը նշում է, որ ԱՄՆ-ից ժամանած բժիշկներն իրենց հետ բերել էին շատ դեղեր, այդ թվում՝ հակադեպրեսանտներ, որոնք անվճար բաժանվեցին հիվանդներին: Հակադեպրեսանտները վերջացան առաջին երեք օրվա ընթացքում, որովհետեւ շատ էին դրանց կարիքն ունեցողները:  

«Հուսով եմ, որ մեր հաջորդ այցելության ընթացքում մենք կկարողանանք ավելի շատ դեղեր բերել մեզ հետ եւ ավելի լավ ապահովել մարդկանց», - ավելացրեց բժիշկը:

Նա նաեւ նշեց, որ ԱՄՆ-ում թեթեւ ու միջին դեպրեսիա ունեցողների ախտորոշմամբ եւ բուժմամբ զբաղվում է ոչ թե հոգեբանը կամ հոգեբույժը, այլ ընտանեկան բժիշկը: Միայն խորը դեպրեսիա ունեցող հիվանդներն են ուղարկվում հոգեբույժների մոտ, որոնց համար արդեն օգտագործվում են լուրջ հակադեպրեսանտներ:

Նշենք, որ Ծովինար Թեքելյանը  14 այլ բժիշկների եւ 20 բուժքույրերի հետ Հայաստան էր ժամանել Գլենդելի բժշկական կենտրոնից (ԱՄՆ): Սեպտեմբերի 16-ից 21-ն ընկած ժամանակահատվածում մասնագետները աշխատում էին Նոյեմբերյանի քաղաքային բժշկական կենտրոնում, որտեղ նրանք ընդունել են թվով 2015 հիվանդների եւ կատարել են 78 վիրահատություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում