Ամերիկահայ Պապոյանի ստեղծած համակարգչային մոդելը կօգնի քաղցկեղի մոլեկուլյար անալիզին

21 հոկտեմբերի, 2017  16:04

Ամերիկահայ Գարեգին Պապոյանի համակարգչային մոդելի վրա անցնում են քաղցկեղային բջիջների մոլեկուլյար անալիզի փորձարկումներ։

Գարեգին Պապոյանն ու նրա տեսական ֆիզքիմիայի խումբը Մերիլենդ համալսարանում ստեղծել են պրոտեինների ու ԴՆԹ-ի փոխգործակցության եռաչափ մոդել։ Այդ կառուցվածքներից շատերը տարբեր կենդանի օրգանիզմների մոտ ընդհանուր են, դրա համար էլ այդ պրոցեսները կարելի է վերագրել նաեւ մարդու օրգանիզմին, ասում է գիտնականը։

«Երբ մեքենա են ստեղծում, սկզբում այն համակարգչով արդեն ոչ միայն նախագծում, այլեւ փորձարկում են։ Կենսաբանության ու բժշկության մեջ դրան դեռ չեն հասել, բայց ապագայում մենք դրան ենք ձգտելու»,- հավելել է նա։

Պապոյանի ու նրա գործընկերների ստեղծած մոդելի օգնությամբ ամբողջ աշխարհում մոդելավորելու են ապագա փորձարկումները։ Նրա վերջին համատեղ հետազոտություններից են եղել աշխատանքը բժիշկ Յամինի Դալալի հետ ՝ ԱՄՆ առողջապահական ազգային ինստիտուտից։ Դալալի գիտական խումբն անցկացնում է փորձեր ԴՆԹ-ի կառուցվածքի վրա, հետազոտելով հիստոնների ու նուկլեոսոմների շարժումը։ Առաջինները միջուկային սպիտակուցներ են, որոնք հավաքում են ԴՆԹ թելերը կծիկի մեջ, նաեւ օգնում փոխանցել գենետիկ տեղեկությունները։ Երկրորդները քրոմոսոմների կառուցվածքային մասերն են ։

Եթե այդ մասնիկները հայտնվում են «սխալ» տեղում,  դրանք կարող են քաղցկեղ առաջացնել։ Իրականում մանրադիտակով նման պրոցեսները տեսնելը դեռ բարդ է, բայյց համակարգչի էկրանին՝ արդեն հնարավոր է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում