ՄՊՎ–ի դեմ պատվաստումներ եւ բժիշկ Դիանա Հարփեր. Որտե՞ղ է թաքնված ճշմարտությունը

20 նոյեմբերի, 2017  17:59

Մարդիկ, ովքեր դեմ են հանդես գալիս Հայաստանում ՄՊՎ-ի 4 քաղցկեղածին շտամներից պաշտպանող Գարդասիլ պատվաստանյութի ներդրմանը, հաճախ որպես այդ պատվաստանյութի դեմ փաստարկ բերում են ամերիկացի բժիշկ Դիանա Հարփերի խոսքերը, որը, իրենց խոսքով, հաճախ է ելույթ ունեցել այդ պատվաստանյութի անարդյունավետության մասին:

Վերլուծաբան Հայկ Նահապետյանը, լրագրող Արթուր Հովհաննիսյանը եւ «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը, այսօր՝ նոյեմբերի 20-ին,  մամուլի ասուլիսի ընթացքում նույնպես չեն մոռացել հիշատակել բժիշկ Հարփերին:

NEWS.am Medicine –ի խմբագրությանն առայժմ չի հաջողվել կապվել անձամբ Դիանա Հարփերի հետ՝ պարզելու համար, թե ինչ դիրքորոշում ունի նա ՄՊՎ-ի դեմ պատվաստման շուրջ: Սակայն մենք գտել ենք նրա որոշ ելույթները այդ թեմայի վերաբերյալ:

«Հավանականությունը բարձր չէ»

Դիանա Հարփերը պատվաստման դեմ պայքարող չէ: Ավելին, նա մասնակցել է պատվաստումների հետ կապված մի շարք հետազոտությունների: Այնուամենայնիվ, իր ելույթներից մեկում նա իսկապես ասել է, որ ՄՊՎ-ով վարակվելուց հետո  արգանդի պարանոցի քաղցկեղ ունենալու հավանականությունը բավականին փոքր է:

Ըստ նրա՝ ՄՊՎ-ով վարակված կանանց 70 տոկոսի օրգանիզմն ինքն է պայքարում վիրուսի դեմ մեկ տարվա ընթացքում, իսկ 90 տոկոսի մոտ՝ երկու տարվա ընթացքում: Վարակվելուց երեք տարի անց վիրուսը մնում է 10 տոկոս կանանց օրգանիզմում եւ դրանցից կեսի մոտ այն նախաքաղցկեղային վիճակի պատճառ է դառնում: Այսինքն, նախաքաղցկեղային վիճակը սպառնում է միայն 5 տոկոս վարակված կանանց: 

Այնուհետեւ, բժիշկ Հարփերի խոսքով, 5 տարի է պահանջվում, որ 20 տոկոս կանանց մոտ նախաքաղցկեղային վիճակը վերածվի ինվազիվ քաղցկեղի: Եւ անհրաժեշտ է 30 տարի, որ նախաքաղցկեղային վիճակի 40 տոկոս կանանց մոտ այն վերածվի ինվազիվ քաղցկեղի:

Այս ամենը նշանակում է, որ ՄՊՎ-ով վարակված կանանց  մոտավորապես 2 տոկոսը կարող է ունենալ արգանդի պարանոցի քաղցկեղ: Բայց դա, որոշ փորձագետների կարծիքով, ամեն դեպքում 0 տոկոս չէ, եւ եթե յուրաքանչյուր առանձին կնոջ համար հավանականությունը բավականին ցածր է, սակայն, այդ քաղցկեղի դեպքերի ընդհանուր քանակն ամենեւին էլ փոքր չէ:

«Քաղցկեղից ավելի վտանգավոր»

Մի քանի տարի առաջ Sunday Express-ում «Պատվաստումը նույնքան վտանգավոր է, որքան ինքը՝քաղցկեղը» աղմկահարույց վերնագրով հոդված է հրապարակվել, որտեղ հեղինակը հղում էր արել նույն Դիանա Հարփերին: Որոշ ժամանակ անց, հոդվածը հեռացվել էր, իսկ բժիշկ Հարփերը այլ հարցազրույցում հայտարարել էր, որ այդպիսի բան ինքը չի ասել:

«Ես չեմ ասել, որ Սերվերիքսը նույնքան վտանգավոր է, որքան արգանդի պարանոցի քաղցկեղը: Ես չեմ ասել, որ այն կարող է ավելի վտանգավոր ու մահացու լինել, քան արգանդի պարանոցի քաղցկեղը: Ես չեմ ասել, որ Սերվերիքսը «վիճելի միջոց» է: Ես նրանց բացառիկ հարցազրույց չեմ տվել, նրանք պարզապես կապվել են ինձ հետ՝ որոշ փաստեր ճշգրտելու համար»:

«Աջակցում եմ»

Այդ հարցազրույցում Դիանա Հարփերը հայտարարել է.  «Ես ամբողջությամբ կողմ եմ ՄՊՎ-ի դեմ պատվաստմանը: Ես կարծում եմ, որ դրանք, ընհանուր առմամբ, անվտանգ են կանանց մեծ մասի համար»:

2011-ին Սթեն Մալոյի հետ հարցազրույցում բժիշկ Հարփերն ասել է, որ ՄՊՎ-ի դեմ երկու պատվաստանյութերն էլ՝ Գարդասիլն ու Սերվերիքսը, 100 տոկոս արդյունավետությամբ կանխում են քաղցկեղի հետ ասոցացվող վիրուսի 2 շտամներով վարակվելը.

«Կան լավ ապացույցներ, որ այդ պատվաստանյութերը կանխում են կնոջ մոտ վիրուսի այն հատուկ շտամները, որոնց պատճառով ՊԱՊ-քսուքում  լինում են խախտումներ, իսկ ժամանակի ընթացքում նաեւ արգանդի պարանոցի քաղցկեղ:

«Երկարատեւ պաշտպանություն չապահովելը»

Նույն հարցազրույցում Դիանա Հարփերը նշել է, որ թեեւ ինքը համոզված է, որ այդ պատվաստանյութերը կարող են աշխարհին օգուտ բերել, ինքը մտահոգ է, որ դրանց գործունեությունը կարող է բավարար շարունակականություն չունենալ, որպեսզի իսկապես հնարավոր լինի խոսել քաղցկեղի կանխարգելման մասին:

Մասնավորապես, որոշ պացիենտների մոտ ՄՊՎ-ից պաշտպանվելու համար հակամարմինների պատվաստումից մի քանի տարի անց դրանք «անհայտանում » են, այսինքն՝ պատվաստումը կորցնում է իր պաշտպանիչ հատկությունը:

Դիանա Հարփերի խոսքով, եթե պատվաստումը ՄՊՎ-ից չպաշտպանի գոնե 15 տարի, ապա հազիվ թե կարելի լինի խոսել արգանդի պարանոցի քաղցկեղի իրական կանխարգելման մասին: Սակայն ժամանակակից Գարդասիլ եւ Սերվերիքս պատվաստանյութերը, ինչպես մտահոգվում է բժիշկը, այդքան երկար պաշտպանություն չեն ապահովում:

«Սքրինինգ»

Դիանա Հարփերի խոսքով՝ արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացությունն ԱՄՆ-ում կազմում է 8 հիվանդ 100 000 բնակչից՝ շնորհիվ սքրինինգի հաջողված ծրագրերի եւ վաղաժամ հայտնաբերման. կնոջ մոտ նախաքաղցկեղային վիճակ հայտնաբերելով՝ հաջողությամբ բուժում են եւ խնդիրը քաղցկեղի չի վերածվում:

Եթե կանայք ապավինեն միայն Գարդասիլին, հիվանդացությունը կլինի մոտավորապես 14-ը 100 000-ի դեպքում, իսկ եթե ապավինեն Սերվերիքսին, ապա 9,5-ը 100 000-ի դեպքում: Այսպիսով, բժշկի կարծիքով՝ եթե կանայք դադարեցնեն արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգը, հույսը դնելով պատվաստման միջոցով պաշտպանության վրա, բնակչության հիվանդացությունը կարող է նաեւ մի փոքր աճել:

Սակայն այն կանանց համար, ովքեր գինեկոլոգի մոտ չեն հաճախում կամ հազվադեպ են հաճախում, պարբերաբար ՊԱՊ քսուք չեն հանձնում, պատվաստումը կարող է իսկապես նվազեցնել ՄՊՎ վարակվելու հավանականությունը եւ արգանդի պարանոցի հետագա զարգացումը, նշում է բժիշկը:

 

Նշենք, որ Հայաստանում կանանց շատ քիչ տոկոսն է պարբերաբար գինեկոլոգի մոտ լինում, եւ ՊԱՊ քսուք հանձնում են ոչ բոլորը եւ ոչ այդքան հաճախ, որքան ԱՄՆ-ում: Թեեւ ՄՊՎ հիվանդացության պաշտոնական վիճակագրություն Հայաստանում չկա, որոշ փորձագետներ համոզված են, որ հիվանդացությունը բավականին բարձր կարող է լինել, հատկապես, եթե հաշվի առնվի այն, որ պաշտպանիչ հակաբեղմնավորիչ միջոցները երկրում մեծ տարածում չունեն, եւ դրանք ոչ միշտ կարող են պաշտպանել ՄՊՎ-ով վարկվելուց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում