Սարսափելի հիվանդություններից մեկի գաղտնիքը կփորձեն բացահայտել միջազգային տիեզերական կայանում

21 ապրիլի, 2014  23:46

Քալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները միջազգային տիեզերական կայան հետագա բյուրեղացման են ուղարկել հանտինգտին սպիտակուցի նմուշները, որը հարուցում է ամենածանր նյարդադեգեներատիվ հիվանդություններից մեկը՝ Հանտինգտոնի համախտանիշը:

Դեռեւս 15 տարի առաջ գիտնականները ենթադրել են, որ այդ սպիտակուցը քայքայում է գլխուղեղի՝ էմոցիաների, ինտելլեկտի եւ շարժումների հետ կապված շրջանների նյարդային բջիջները:

Պամելա Բյորկմանի եւ Մաքս Դելբրյուկի ղեկավարած նոր նախագիծը պետք է պարզի, թե կարող է արդյոք հանտինգտինը բյուրեղանալ միկրոձգողականության պայմաններում, հաղորդում է Medical Xpress-ը:

Եթե գիտնականներին հաջողվի ստանալ սպիտակուցի բյուրեղը, ապա նրանք կկարողանան սկսել նրա մոլեկուլյար կառուցվածքի ուսումնասիրությունը, ինչը թույլ կտա հիվանդության բուժման նոր մեթոդներ մշակել:

Նախկինում Երկրի վրա բյուրեղների ստացման փորձեր արդեն նախաձեռնվել են: Սակայն դեռեւս ոչ-ոքի չի հաջողվել անհրաժեշտ չափի բյուրեղ աճեցնել, եւ ստացված բոլոր տվյալները հավաստի չեն այն պատճառով, որ մոլեկուլները Երկրի ձգողականության ազդեցության տակ կպչում են միմյանց:

Բյուրեղների ստեղծման աշխատատար գործընթացը մի քանի ամիս կտեւի: Նմուշները կվերադառնան Երկիր միայն այս տարվա աշնանը:

Հանտինգտոնի հիվանդությունը ամենասարսափելի ախտորոշումն է, որը կարող է տրվել մարդուն: Սա ժառանգական հիվանդություն է, որը զարգանում է հիմնականում 30-50 տարեկանում, աստիճանաբար, եւ բնորոշվում է խորեիկ հիպերկինեզով (վերջույթների անկանոն, ծավալուն շարժումներ՝ ամբողջ մարմնի վրա տարածումով) եւ հոգեկան խանգարումներով: Չափահաս մարդիկ արագ դեգրադացվում են, կորցնում են քայլելու եւ խոսելու կարողությունը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում