Հնարավո՞ր է վիժումը կանխել

10 դեկտեմբերի, 2017  16:27

Վիժումների մեծ մասն անհնար է կանխել, պնդում են բրիտանական NHS Choices-ի մասնագետները: Սակայն կան մի քանի կանոններ, որոնց հղի կանանց խորհուրդ է տրվում հետեւել, եւ որոնք կօգնեն վիժման հավանականությունը նվազագույնի հասցնել:

Հղիության ժամանակ չծխել: Ալկոհոլային խմիչքներ, թմրանյութեր չօգտագործել: Հետեւել առողջ, հավասարակշված սննդակարգի՝ ամեն օր ուտել նվազագույնը 5 բաժին միրգ եւ բանջարեղեն: Հղիության ժամանակ խուսափել ինֆեկցիոն հիվանդություններից, հատկապես, օրինակ, կարմրուկից: Հղիության ժամանակ չուտել այնպխիսի մթերքներ, որոնց հետեւանքով կարելի է հիվանդանալ կամ որոնք կարող են պտղին վնասել: Առողջ քաշ ունենալ դեռեւս մինչեւ հղիության սկիզբը:

Այսօր ամբողջ աշխարհում բավականին մեծ թվով վիժումներ են գրանցվում, եւ որոշ դեպքերում դրանց պատճառը հաջողվում է պարզել, իսկ որոշ դեպքերում՝ ոչ: Եթե վիժման պատճառը հայտնի է, որոշ դեպքերում կնոջը կարելի է բուժում առաջարկել, որը կկանխի հետագա վիժումները:

NHS Choices-ի մասնագետները հայտնել են վիժում առաջացնող մի քանի խնդիրների մասին, որոնք հնարավոր է բուժել:

Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ

Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը վիճակ է, որի դեպքում հիվանդի արյան մեջ թրոմբներ են առաջանում, որոնք եւ դառնում են վիժման պատճառը: Այսօր հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը հաջողությամբ բուժվում է դեղորայքով, իսկ եթե նախապես է հայտնի հիվանդի մոտ այս համախտանիշի առկայության մասին, հղիության ժամանակ որոշ դեղամիջոցների ընդունումը կարող է էապես կրճատել վիժման հավանականությունը:

Արգանդի վզիկի թուլացում

Արգանդի վզիկի թուլացումը վիժման եւս մեկ տարածված պատճառ է: Այս դեպքում դեղորայքային բուժում չկա, սակայն հիվանդին կարող են ոչ բարդ միջամտություն առաջարկել, որի ընթացքում վզիկի վրա կարեր են դրվում, որոնք թույլ չեն տալիս այն բացվի: Սովորաբար սա արվում է 12-շաբաթական հղիության ժամանակ: 37-շաբաթականում այս կարերը հանվում են:

Մասնագետները նշում են, որ եթե կնոջ մոտ 3 կամ ավելի վիժում է եղել, ցանկալի է բժշկի դիմել՝ պատճառը պարզելու եւ ապագայում վիժումները կանխելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում