Տնային շները կարող են մահացու ճիճուների փոխանցող լինել

12 դեկտեմբերի, 2017  09:38

Ամերիկացի բժիշկները մտահոգված են մակաբույծ ժապավենաձեւ որդերի՝ Echinococcus multilocularis-ի տարածմամբ, որոնցով վարակվելը կարող է մահվան հասցնել: Դրանք փոխանցողներն են կրծողները եւ այլ վայրի կենդանիներ, սակայն որդերը հայտնվում են նաեւ շների ու կատուների օրգանիզմում եւ նրանցից կարող են մարդկանց փոխանցվել, հայտնում է ScienceAlert պարբերականը:

Մակաբույծը մահվան է հասցնում 50-75 տոկոս դեպքերում, եթե այն ժամանակին չի հայտնաբերվում եւ ախտահարված հյուսվածքները չեն հեռացվում վիրաբուժական ճանապարհով:

2009 թվականին գրանցվել է Բրիտանական Կոլումբիայում (Կանադայի նահանգ) բնակվող տնային շան մոտ լյարդի ճիճվահարության առաջին դեպքը: Դրանից հետո Արեւմտյան Կանադայում գրանցվել են վարակվելու ծանր դեպքեր շների ընտանիքի մոտ եւ 4 շան մոտ Օնտարիոյում:

Մասնագետները վերլուծել են տնային կենդանիների մոտ հայտնաբերված Echinococcus multilocularis-ի ԴՆԹ-ն եւ պարզել, որ մակաբույծները կապված են ժապավենաձեւ որդերի հետ, որոնք բնակվում են Շվեյցարիայում, Գերմանիայում, Ավստրիայում եւ Ֆրանսիայում: Հետազոտողները եզրակացրել են, որ որդերին Հյուսիսային Ամերիկա է տեղափոխել Եվրոպայից բերված շունը: Հետագայում որդերը հայտնաբերվել են հյուսիսամերիկյան վայրի կենդանիների մոտ:

Շներին, որոնց օրգանիզմում մակաբույծը հայտնվում է, դժվար է հաջողվում բուժել: Վարակված կենդանիների գրեթե կեսին, որոնք մասնակցել են շվեյցարական հետազոտությունը, ստիպված էին սպանել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում