«Էրեբունի» ԲԿ–ում հաջողությամբ իրականացրել են Լյուիսի երկու վիրահատություն

14 դեկտեմբերի, 2017  21:00
«Էրեբունի» բժշկական կենտրոնում վերջին ամիսների ընթացքում հաջողությամբ իրականացվել է Լյուիսի երկու վիրահատություն, հաղորդում է հիվանդանոցի կայքը։

Այն իր մակարդակով եւ տեւողությամբ (միջինում 7-8ժ. ) բավականին բարդ վիրահատություն է եւ կատարվում է կերակրափողի միջին եւ ստորին երրորդականի քաղցկեղի դեպքում, ինչպես նաեւ կարդիոէզոֆագալ քաղցկեղի ժամանակ: Այս դեպքում ստամոքսը ամբողջովին մոբիլիզացվում է: Կատարվում է պիլորոպլաստիկա կամ պիլորոմիոտոմիա: Կերակրափողի դիստալ հատվածը մոբիլիզացվում է ստոծանու անցքով: Ստամոքսը տեղակայում են հետին միջնորմում , սակայն այն կարելի է նաեւ տեղաշարժել կրծքավանդակի հետին մասով դեպի պարանոց: Ստամոքսի մեծ կորությունից կտրվում է խողովակաձեւ տրանսպլանտատ: Կերակրափողը արտազատվում է հետին միջնորմից աջակողմյան տորակոտոմիայի միջոցով, հատվում է , ստամոքսը դուրս է բերվում ստոծանու անցքով: Այնուհետեւ դրվում է հակառեֆլյուկսային անաստամոզ: Անաստամոզի ամբողջականությունը ստուգվում է բարիումի լուծույթով արված ռենտգենոգրաֆիայի միջոցով 5-7 օր հետո:

Հիվանդ Կ.Պ.-ն , ծնված 16.10.2017թ. ընդունվեց Էրեբունի ԲԿ-ի ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունք հետեւալ գանգատներով` կլման ակտի դժվարացմամբ, սրտխառնոց, թույլ արտահայտված ցավեր էպիգաստրալ շրջանում, ընդհանուր թուլություն:

Գաստրոսկոպիա եւ ԿՏ- հետազոտություն անցկացնելուց հետո հայտնաբերվեց կերակրափողի ստորին երրորդականի նորագոյացություն ` ստամոքսի կարդիալ հատված ներթափանցումով:

Պարաէզոֆագալ եւ պարաաորտալ ավշային հանգույցները մեծացած էին մոտ 1,2 սմ :

Բիոպսիան հաստատեց չարորակ ուռուցքի առկայություն:

19.10.2017թ. Էրեբունի ԲԿ-ի ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ , բ.գ.թ. դոցենտ, Արսեն Ասատրանի ղեկավարությամբ ընդհանուր եւ կրծքային վիրաբույժների թիմը ` բ.գ.թ., դոցենտ Ա. Ս. Վարդանյան, բ.գ.թ. Ա.Ալեքսանյան, Ն.Է. Զաքարյան, Գ.Ս. Սողոմոնյան, անեսթեզիոլոգ Ա.Մ. Հավհաննիսյանը կատարեց Լյուիսի վիրահատություն լիմֆոդիսսեկցիայով:

Նման վիրահատական միջամտություն կատարվել էր դեռեւս 2017թ. մայիսին: Հիվանդ Ա.Գ.-ին , ծնված 1950թ. , ախտորոշվել էր միջին եւ ստորին երրորդականի նորագոյացություն ստամոքսի հետին պատ ներթափանցմամբ, հարստամոքսային շրջանում ավշային հանգույցները մեծացած էին 1,1սմ:

Երկու հիվանդների մոտ էլ հետվիրահատական շրջանը անցավ սահուն, եւ նրանք լավացումով դուրս գրվեցին հիվանդանոցից` գտնվելով վիրաբույժի եւ ուռուցքաբանի ամբուլատոր հսկողության տակ: Մեկ ամիս անց , հերթական ամբուլատոր հետազոտման արդյունքում արձանագրվեցին բավականին լավ արդյունքներ, առանց բարդությունների եւ հիմնական հիվանդության ռեցիդիվի: Ներկայումս երկու հիվանդներն էլ ստանում են ադյուվանտ քիմիաթերապիայի կուրս:

Համաձայն վիճակագրական տվյալների Լյուիսի վիրահատությունը կատարվում է ոչ հաճախակի, քանի որ այն ուղեկցվում է բարդությունների եւ մահացու ելքի բարձր հավանականությամբ: Սակայն վերոնշված միջամտությունը ուղղակի անհրաժեշտ էր հիվանդի կյանքը փրկելու համար:

 https://www.erebunimed.com/arm/news.more/284https://www.erebunimed.com/arm/news.more/284

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում