Առավոտյան սուրճի փոխարեն ավելի լավ է խնձոր ուտել. մասնագետներ

29 դեկտեմբերի, 2017  10:47

Ավելի լավ է օրը խնձորով սկսել. խնձորն առողջությանն օգտակար է, նաեւ արթնանալուն ավելի վատ չի օգնի, քան սուրճը, պնդում են սննդամթերքի հարցերով մասնագետները:

Մարդկանցից շատերը նախընտրում են իրենց օրը հենց սուրճով սկսել: Համարվում է, որ այս ըմպելիքում պարունակվող կոֆեինը արագ է վերացնում քնկոտության զգացումը եւ մարդուն նորմալ վիճակի բերում: Կոֆեինն իսկապես բարձրացնում է արյան ճնշումը, թթվածնի մակարդակը, մարմնի ջերմաստիճանը, ուժեղացնում շնչառությունը եւ ուղեղի ակտիվությունը, իսկ այս ամենը կարեւոր է, եթե ցանկանում եք արագ արթնանալ: Չնայած կոֆեինի այս հատկություններն ակնհայտ են, այն նաեւ բացասական կողմեր ունի՝ նվազեցնում է թթվայնության մակարդակը, երբեմն անքնություն է հրահրում, մեզ զրկում է անհրաժեշտ հանքանյութերից եւ նույնիսկ կախվածություն է առաջացնում: Առավոտյան սուրճին լավ եւ օգտակար այլընտրանք կարող է լինել թարմ խնձորը, կարծում են մասնագետներից շատերը:

Խնձորը մտնում է ամենասննդարար եւ օգտակար մրգերի մեջ, իսկ Հայաստանում այն ամբողջ տարի հասանելի է: Խնձորը մեծ թվով ֆիտոիքմիկատներ է պարունակում՝ ներառյալ կվարցետին, կատեխին, ֆլորիձին եւ քլրոգենաթթու, որն օժտված է հակաօքսիդանտային ընդգծված հատկություններով: Համարվում է, որ խնձորի կանոնավոր օգտագործումը ճնշում է քաղցկեղային բջիջների աճը, նվազեցնում է լիպիդային թթվայնացման աստիճանը եւ պակասեցնում խոլեստերինը:

Սակայն թարմ խնձորն արդյոք կարո՞ղ է առավոտյան սուրճին փոխարինել: Իհարկե, այն կոֆեին չի պարունակում, որը օրգանիզմի վրա խթանող ազդեցություն է ունենում՝ պաշտպանելով հոգնածությունից եւ արագ ծերացնելով բոլոր համակարգերը: Չէ՞ որ էներգիայի հոսքը, որ ստանում ենք կոֆեինից, նյարդերի խթանման հետեւանք է, այլ ոչ թե որեւէ իրական էներգիայի աղբյուրի: Դրա փոխարեն՝ խնձորները բնական շաքար կամ ֆրուկտոզա են պարունակում, որոնք նունպես օգնում են արթնանալ եւ օրգանիզմին էներգիա են տալիս: Ֆրուկտոզան էներգիայի ոչ պակաս ընդգծված բռնկում է առաջացնում, քան սուրճը, փոխարենը դրան չի հաջորդում անկումը եւ լեթարգիան, ինչը տեղի է ունենում սուրճից որոշ ժամանակ անց: Դրանից բացի, խնձորները լի են բջջանյութով, որոնք ավելի երկար հագեցվածություն են ապահովում, ինչպես նաեւ վիտամիններով եւ հանքանյութերով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում