10 խորհուրդ, թե հավն ինչպես պատրաստել առանց առողջությունը վտանգելու

30 դեկտեմբերի, 2017  21:04

Տնական թռչնամսից, մասնավորապես հավի մսից ճաշատեսակները կարող են պոտենցիալ վտանգ ներկայացնող ինֆեկցիաների աղբյուր դառնալ, զգուշացնում է Ամերիկյան սննդամթերքի ստանդարտների գործակալությունը (Food Standards Agency): Թռչունի մսում կարող է պահպանվել ոչ միայն բոլորին լավ հայտնի սալմոնելան, այլ նաեւ Campylobacter բակտերիան, որը սուր ինֆեկցիոն հիվանդություն է առաջացնում՝ կամպիլոբակտերիոզ

Հավն ինչպե՞ս պատրաստել առանց առողջությունը վտանգելու: Food Standards Agency-ն այս մասին 10 խորհուրդ է տալիս.

Հում հավը պետք է պահել մաքուր հերմետիկ կոնտեյներում՝ սառնարանի ներքեւի դարակում, որ այն այլ մթերքների չդիպչի, իսկ հեղուկը, որը հալչելուց կառանձնանա, չհոսի ներքեւի դարակներ: Առանձնապես կարեւոր է հավը հեռու պահել այն մթերքներից, որոնք ուտելուց առաջ ջերմամշակման չեն ենթարկվում՝ բանջարեղենից, մրգից կամ պանրից: Եթե հավի վրա նկատելի կեղտոտվածություն չկա, լվանալ չարժի: Բակտերիաները կոչնչանան ջերմամշակման ժամանակ, իսկ լվանալու դեպքում դրանք ջրի ցայտքով կարող են տարածվել խոհանոցի այլ մակերեւույթների վրա: Հում հավին ձեռք տալու դեպքում ձեռքերը օճառով լվացեք: Առանց լվացվելու այլ առարկաների կամ մթերքների մի դիպեք: Միսը, հացը, միրգը եւ բանջարեղենը կտրատելու համար առանձին տախտակներ օգտագործեք: Ճիշտ պատրաստված հավի մեջ չպետք է միսը վարդագույն լինի: Դրանից բացի այն պետք է բավականաչափ տաք լինի, որպեսզի կտրելիս մսից գոլորշի դուրս գա: Հյութը նույնպես պետք է թափանցիկ լինի՝ առանց վարդագույնի կամ կարմիրի հետքերի: Այսուհանդերձ, գույնը ոչ միշտ է անվտանգության հուսալի ցուցանիշ, ուստի մսի եփված լինելու ամենալավ միջոցը սննդամթերքի համար հատուկ խոհանոցային ջերմաչափի օգտագործումն է: Միսը լիովին անվտանգ է համարվում, եթե պատրաստի արտադրանքի ներսում ջերմաստիճանը 75 աստիճանից պակաս չէ: Եթե հավն ամբողջական եք տապակում, ապա եփված լինելը ստուգելու համար կտրեք ամենահաստ մասից՝ ազդրից: Չարժի պատրաստված հավն անմիջապես սառնարան դնել: Եթե անհրաժեշտ է այն սառեցնել, նախ թողեք մեկ ժամ հովանա սենյակային ջերմաստիճանում եւ միայն դրանից հետո սառնարանում տեղավորեք: Հավի պատրաստի միսը 2-3 օր անվտանգ է մնում, սակայն միայն սառնարանում: Եթե, չնայած սառնարանում պահելուն, այն տարօրինակ կամ տհաճ հոտ ունի, չի կարելի սնունդի մեջ օգտագործել: Եթե պատրաստված հավի միսը կրկնակի տաքացնում եք, համոզվեք, որ այն հավասարաչափ է տաքանում, հատկապես եթե միկրոալիքային վառարանն եք օգտագործում: Եթե հավի միսը սառեցնում եք, դա արեք գնելուց անմիջապես հետ: Ավելի անվտանգ է այն սառնարանում հալեցնելը: Այն կարող եք հալեցնել նաեւ սառը ջրում, եթե թռչնամիսը փաթեթավորված է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում