ԱՄՆ-ում տարածված հոնկոնգյան գրիպը Հայաստանում չի գրանցվում. մասնագետ

24 հունվարի, 2018  19:35

ԱՄՆ-ում տարածված AH3N2 գրիպի վիրուսը (հոնկոնգյան գրիպ) Հայաստանում չի գրանցվում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային ինֆեկցիաների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը

Նրա խոսքով՝ գրիպով եւ ՍՇՎ-ով հոսպիտալացված հիվանդների մոտ լաբորատոր հետազոտություններով հայտնաբերվում են հիմնականում В տեսակի գրիպի հարուցիչներ եւ շնչառական այլ հիվանդությունների հարուցիչներ: Նաեւ AH1N1 գրիպի (խոզի գրիպ) մի քանի եզակի դեպքեր են եղել: Ինչ վերաբերում է AH3N2 վիրուսին, այն դեռեւս Հայաստանի հիվանդների մոտ չի հայտնաբերվել:

Հայաստանում ընդհանուր առմամբ գրիպի եւ ՍՇՎ հետ կապված իավիճակը, մասնագետի խոսքով, կայունանում է, եւ վերջին օրերին հիվանդանոցներ դիմած կամ շտապ օգնություն կանչած հիվանդների թիվը սկսել է կրճատվել: Այսօրվա դրությամբ հոսպիտալացված հիվանդների մեծ մասը 0-4 տարեկան երեխաներն են:

«Կարելի է ասել, որ այսօր գրիպի եւ ՍՇՎ հետ կապված իրավիճակը կայունանում է, հվանդացության աճի միտումներ չկան»,- նշեց Լիանա Թորոսյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում գրիպի սեզոնը շարունակվում է մինչեւ ապրիլ, եւ չի կարելի աչալրջությունը կորցնել, քանի որ բացառված չէ, որ երկրում շրջանառվող վիրուսը կարող է դեռեւս փոխվել:

Հիշեցնենք, որ ներկայումս ԱՄՆ 49 նահանգներում (բացառությամբ Հավայան կղզիների) փոթորկվում է AH3N2 «հոնկոնգյան» գրիպի համաճարակը: Այն հատուկ վտանգ է ներկայացնում երեխաների եւ տարեց մարդկանց համար: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխագելման կենտրոնի տվյալներով՝ համաճարակի ժամանակ երկրում առնվազն 30 երեխա է մահացել, գրիպով եւս մոտ 9 հազար հիվանդ գտնվում է հիվանդանոցներում: Հունվարի 6-ից 13-ը ԱՄՆ-ում գրանցված գրիպի 14 401 դեպք լաբորատոր հաստատում է ստացել, իսկ ամբողջ ասեզոնին եղել է 74 562 դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում