Օրալ սեքսի պատճառով ավելի մեծ թվով երիտասարդներ են քաղցկեղով տառապում

12 փետրվարի, 2018  23:48

Երիտասարդների շրջանում ուռուցքային հիվանդությունների աճը կապված է օրալ սեքսի հետ, կարծում են Լիվերպուլի Քաղցկեղի հետազոտական կենտրոնի բրիտանացի գիտնականները:

Գիտնականների խոսքով՝ օրալ սեքսի միջոցով տարածվող ինֆեկցիան երիտասարդների մոտ բերանի խոռոչի քաղցկեղի զարգացում է առաջացնում՝ չարորակ նորագոյացություն, որն ախտահարում է շրթունքները, բերանի խոռոչի ներքին մակերեւույթները, ըմպանի հետին պատը, նշիկները եւ թքագեղձերը:

Ուռուցքաբան Սյու Պովալը հայտարարել է, որ մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ) որոշ շտամներ կարող են քաղցկեղ առաջացնել: Իր հերթին, ՄՊՎ-ն սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված վիրուսային ինֆեկցիան է: Վիրուսը հետապնդում է սովորաբար սեռապես ակտիվ տղամարդկանց եւ կանանց, եւ սեռական շփման ժամանակ հեշտությամբ է փոխանցվում զուգընկերոջից զուգընկերոջը:

Օրինակ՝ վերջերս ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասը խոստովանել է, որ իր մոտ կոկորդի քաղցկեղը զարգացել է օրալ սեքսի ժամանակ «որսած» ՄՊՎ հետեւանքով: Բերանի խոռոչի ժամանակին չախտորոշված քաղցկեղը կարող է մահվամբ ավարտվել, իսկ այս հիվանդության դեպքում հնգամյա վերապրելիությունը ընդամենը 50 տոկոս է կազմում:

Վերապրելիության նման ցածր մակարդակը կապված է վաղ ախտորոշման բացակայության հետ, իսկ այս հիվանդության վաղ դրսեւորումները գործնականում անհնար է տնային պայմաններում հայտնաբերել եւ, որպես կանոն, որոշվում են ատամնաբույժին այցելելիս:

Պետք է զգուշացնեն եւ բժշկի դիմելու ստիպեն հետեւյալ ախտանիշները.

Շրթունքին, լնդին կամ բերանի խոռոչի լորձաթաղանթին չլավացող արյունահոսող խոց; Այտի ներսի կողմի կոշտացում կամ ուռածություն, որը լեզվով շոշափվում է; Բերանի խոռոչի ցանկացած հատվածում զգայունության կորուստ կամ թմրում; Շրթունքներին, լեզվի վրա կամ բերանի խոռոչի լորձաթաղանթին սպիտակ կամ կարմիր բծեր; Սնունդը ծամելու կամ կլլելու դժվարություններ; Բերանի խոռոչում ցավի զգացողություններ կամ առանց պատճառի ցավ; Առանց նկատելի պատճառի զգացողություն, թե կոկորդում ինչ-որ բան է խցանվել; Պրոթեզը տեղաշարժելիս ծնոտի այտուց; Ձայնի փոփոխություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում