Բժիշկները 3D պրինտերով հիվանդի համար կրծքավանդակ են տպագրել (ֆոտո)

18 փետրվարի, 2018  17:47

Բրիտանացի բժիշկները քաղցկեղային ուռուցքի վիրահատության ժամանակ 3D պրինտերի միջոցով վերականգնել են հիվանդի կրծքավանդակը:

Հեռացրել էին 71-ամյա Պիտեր Մեգզի 3 կողոսկրերը եւ կրծքոսկրի կեսը՝ դրանց փոխարեն տեղադրելով պրոթեզ:

Քաղցկեղային ուռուցքն աճել էր թենիսի գնդակի մեծությամբ, եւ դրա հեռացման հետեւանքով վնասվել է կրծքավանդակի ընդարձակ հատված: Վիրահատությունը 8 ժամ է տեւել:

Նման դեպքերում վիրաբույժները սովորաբար պրոթեզը ձուլում են բժշկական հատուկ ցեմենտից:

Սակայն 3D տպագրության տեխնոլոգիայի շնորհիվ բժիշկները կարողացել են հիվանդի համար անհատական իմպլանտ պատրաստել տիտանի ձուլվածքից: Սա Բրիտանիայում համանման պրոթեզների տպագրության առաջին դեպքն է:

«Հարկավոր էր կտրել սաստիկ աճած ուռուցքը, իսկ դրա հետ միասին հեռացնել կրծոսկրի մի մասը եւ 3 կողոսկր»,- պատմում է վիրաբույժ-սրտաբան Այրա Գոլդսմիթը:

«Սա կարող էր ծանր վնասվածքներ առաջացնել, որոնք ունակ էին խախտելու ամբողջ կրծքավանդակի աշխատանքը, որը վերականգնելը շատ դժվար կլիներ»,- հավելել է բժիշկը:

Ցեմենտից պրոթեզը ստիպված էին պատրաստել ուղղակիորեն վիրահատության ժամանակ, միայն սա կարող էր խլել 1,5 ժամ:

Սակայն հիվանդն այլ խնդիրներ էլ ուներ, այդ թվում՝ սրտի հետ կապված: Այս պատճառով անհրաժեշտ էր վիրահատությունն ավարտել հնարավորինս արագ:

Տիտանե իմպլանտը նախապես էին պատրաստել՝ ըստ մոդելի, որը բժիշկ Գոլդսմիթն էր նախապատրաստել:

Վիրահատությունը հաջող է անցել, հիվանդն ասում է, որ իրեն լավ է զգում: «Հիմա ես նորմալ եմ: Միսթր Գոլդսմիթն ինձ համար սուրբ է»,- ասել է Պիտեր Մեգզը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում