Խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել դոնորային օրգանների վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին

21 փետրվարի, 2018  19:27

Փետրվարի 21-ին Հայաստանի Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել արյան, օրգանների եւ հյուսվածքների դոնորության, օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթին:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին հանձնաժողովը որոշում էր կայացրել վերանայել եւ լրացնել այս օրինագիծը, քանի որ պատգամավորների մոտ հարցեր առաջացան ձեւակերպումների հետ կապված, որոնց համաձայն արգելվում է դոնորային օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուրի վերածել: Այս կետը, ըստ շատերի, տարընթերցվածքի առիթ է տվել:

Խորհրդարանական հանձնաժողովը դոնորական օրգանների վերաբերյալ օրենսդրական փաթեթը ուղարկեց լրամշակման

Ինչպես այսօր նշել է փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, պատգամավորները գրավոր առաջարկներ են ներկայացրել այս օրենքի շրջանակներում շահույթ հասկացության, դոնոր հասկացության, արյան ռեեստրի, արյան ազգային պահուստի վերաբերյալ, եւ բոլորը հաշվի են առնվել փոփոխված փաթեթում:

Օրինագիծը ներառվել է փետրվարի 27-ից մարտի 2-ը կայանալիք 6-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում