Ըստ հետազոտողների, աշխարհում կարմրուկով հիվանդացության դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է 2022-ից 2023 թվականներին՝ սպառնալով բազմաթիվ երկրներում ի չիք դարձնել հիվանդությունը վերացման կարգավիճակի հասցնելու և պահպանելու ջանքերը, հայտնում է CNN-ը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության դոկտոր Պատրիկ Օ'Քոննորի տվյալների, որը շաբաթ օրը Բարսելոնայում ESCMID գլոբալ կոնգրեսում ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները, 2022 թվականին աշխարհում գրանցվել է հիվանդության 171,153 դեպք: Նախնական տվյալները ցույց են տվել, որ 2023 թվականին գրանցվել է կարմրուկ հիվանդության 321,582 դեպք, իսկ 2024 թվականին՝ ավելի քան 94,000 դեպք, թեև այդ թիվը, հավանաբար, ավելի մեծ է:
Ընթացիկ տարում հիվանդության դեպքերի գրեթե կեսը գրանցվել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, ընդ որում հիվանդացության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ադրբեջանում, Ղրղզստանում և Եմենում։
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալներով, ԱՄՆ-ում այս տարի գրանցվել է կարմրուկի 128 դեպք: Սա ամենաբարձր ցուցանիշն է 2019 թվականից ի վեր։
Կարմրուկը օդակաթիլային ճանապարհով տարածվող խիստ վարակիչ հիվանդություն է: Այն կարող է առաջացնել առողջական լուրջ հետևանքներ կամ մահ, հատկապես փոքր և չպատվաստված երեխաների մոտ:
Ընդհանուր ախտանշաններից են դողէրոցքը, հազը, հարբուխը, արցունքահոսությունը և կարմիր ցանը:
Կարմրուկով հիվանդ յուրաքանչյուր 20 երեխայից 1-ի մոտ զարգանում է թոքաբորբ, իսկ մյուսների մոտ կարող է զարգանալ գլխուղեղի վտանգավոր այտուց, որը կոչվում է էնցեֆալիտ: Կարմրուկով վարակված յուրաքանչյուր 1000 երեխայից 3-ը կարող է մահանալ շնչառական և նյարդաբանական բարդություններից։
Այն կարող է նաև հանգեցնել «իմունային ամնեզիայի», վիճակ, որը շաբաթներ կամ տարիներ շարունակ մեծացնում է այլ վարակներով վարակվելու վտանգը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր