Գենետիկորեն ձեւափոխված եգիպտացորենն իրականում մարդու առողջության համար օգտակար է. գիտնականներ

22 փետրվարի, 2018  21:04

Գենետիկորեն ձեւափոխված եգիպտացորենն առողջության համար ոչ միայն վտանգավոր չէ, այլեւ, հակառակը, օգտակար է: Նման անսպասելի հայտարարությամբ են հանդես եկել Իտալիայի Սուրբ Աննայի առաջավոր հետազոտությունների դպրոցի հետազոտողները, որոնք ստուգել են վերջին 21 տարիներին անցկացված 6 հազար գիտական հետազոտությունների մեթաանալիզը:

Մեթաանալիզը ցույց է տվել, որ գենետիկորեն ձեւափոխված եգիպտացորենը եթե նույնիսկ կարող է բացասական ազդեցություն ունենալ, ապա միայն վնասատու միջատների վրա: Այսպիսի եգիպտացորենը ոչ միայն մեծ բերքատվություն ունի, այլեւ աչքի է ընկնում միկոտոքսինների ցածր պարունակությամբ. թույներ, որ արտադրում են բորբոսասնկերը եւ մարդկանց համար պոտենցիալ վանգավոր են:

Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածում մասնագետները նշել են, որ մշտական բնակիչները պարբերաբար մտահոգություն են հայտնում, թե որքանով է անվտանգ ԳՄՕ բույսեր աճեցնելը եւ ուտելը: Սակայն այս հետազոտության ընթացքում դրա հեղինակները համոզվել են, որ ԳՄՕ-ն վտանգավոր է միայն Braconidae ընտանիքի մակաբույծ միջատների համար: ԳՄ եգիպտացորենի արտադրությունը շրջակա միջավայրի եւ մարդու առողջության համար վտանգավոր չէ: Այդպիսի եգիպտացորենի հիմնական առավելություններն են՝ հատիկների լավ որակը եւ միկոտոքսինների փոքր պարունակությունը:

Եգիպտացորենը B1 վիտամինի պարունակությամբ առաջատարն է համարվում՝ եգիպտացորենի հատիկների 150 գրամում պարունակվում է վիտամինի օրական նորմայի 25 տոկոսը: Դրանից բացի՝ դրա բաղադրության մեջ Е վիտամին կա, որն օժտված է հակաօքսիդանտային հատկություններով եւ խոչընդոտում է ծերանալուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում