Ռուսաստանում խոզի գրիպով հիվանդացածների թիվը մեկ շաբաթում կրկնակի աճել է

23 փետրվարի, 2018  10:39

Ռուսաստանի Դաշնության տարածքում ՍՇՎ-ով եւ գրիպով հիվանդացածության շաբաթական համաճարակային շեմերի աճը ըստ բնակչության ընդհանուր թվի գրանցվել է ՌԴ 22 սուբյեկտներում եւ 9 քաղաքներում: Այս մասին հայտնում է «Ռոսպոտրեբնադզորը»:

Լաբորատոր մոնիթորինգի տվյալներով՝ մեկ շաբաթում՝ փետրվարի 12-18-ը, հետազոտվել է գրեթե 6 հազար մարդ: Դրական անալիզների մեջ գրիպի վիրուսների բաժինն աճել է եւ կազմում է 40,4 տոկոս:

Դրական անալիզների թվում В գրիպի վիրուսները կազմել են 15 տոկոս, A (H3N2) գրիպի վիրուսները՝ 11,8 տոկոս, A (H1N1)2009 գրիպի՝ 11,5 տոկոս, А ոչ մերձտեսակային՝ 2,1 տոկոս, ՍՇ վիրուսները՝ 23 տոկոս, ադենովիրուսները՝ 9 տոկոս, պարագրիպի վիրուսները՝ 8 տոկոս, ոչ գրիպային էթիոլոգիայի մյուս վիրուսները՝ 19,6 տոկոս:

Ռուսաստանում մեկ շաբաթում գրանցվել է խոզի գրիպով հիվանդության հաստատված դեպքերի թվի կրկնակի աճ: Անցկացված անալիզները ցույց են տվել, որ A(H1N1) վիրուսը հայտնաբերվել է 130 մարդու մոտ, մինչդեռ նախկինում եղել էր 70 հիվանդ:

Ընթացիկ շաբաթում խոզի գրիպով են հիվանդացել ռուսական 29 քաղաքներում, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում, Սիկտիվկարում, Կիրովում, Վոլգոգրադում, Բարնաուլում, Արխանգելսկում, Կուրսկում, Կազանում եւ այլ բնակավայրերում:

Մինչեւ 2 տարեկան փոքրիկների շրջանում ՍՇՎ-ով եւ գրիպով հիվանդացության համաճարակային շաբաթական շեմերը աճել են ռուսական 7 շրջաններում, 3-6 տարիքային խմբերի երեխաների շրջանում՝ ՌԴ 15 սուբյեկտներում, 7-14 տարեկան երեխաների շրջանում՝ 20, 15 տարեկաններից մեծ երեխաների շրջանում՝ Ռուսաստանի 9 սուբյեկտներում:

Որոշ շրջաններում դպրոցները կարանտինի համար փակվում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում