էլ.առողջապահության համակարգին միանալը կբերի ստոմատոլոգիական ծառայությունների թանկացման. գլխավոր ստոմատոլոգ

7 մարտի, 2018  14:46

Էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալը կբերի ստոմատոլոգիական ծառայությունների թանկացման, եւ ըստ որում՝ կտուժեն այն կլինիկաները, որոնք լիցենզիայով են աշխատում: Այս մասին մարտի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը:

Նա նշեց, որ երկրում կան լիցենզիա չունեցող ստոմատոլոգիական կլինիկաներ, որոնք ստվերում են աշխատում, եւ սա գաղտնիք չէ: «Հարկային դաշտում աշխատող կլինիկաների ծառայությունները կթանկանան, եւ կշահեն չլիցենզավորվածները»,- ասաց նա: Խնդրանքին՝ գնահատել, թե թանկացումը թվային համարժեքով որքան կկազմի, գլխավոր ստոմատոլոգը նշեց, որ առայժմ դժվարանում է ճշգրիտ հաշվարկել, սակայն, հնարավոր է, 10-15 տոկոսով:

Նա նշեց, որ էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալն իր հետեւից մեծ ծախսեր կբերի: «Համակարգիչներր ձեռք բերելու համար պահանջվում է 300 հազարից մինչեւ 500 հազար դրամ: Բացի այդ, ծախսեր կան՝ կլինիկայի մեծությունից, օպերատորների թվից կախված եւ այլն: Կան ինտերնետի հետ կապված ծախսեր: Դրանից բացի, մարզերում, մի շարք գյուղերում ինտերներտ պարզապես չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ Առողջապահության նախարարությունում քննարկումների ընթացքում փոխնախարար Սամվել Մարգարյանը խոստացել է մարզերում օգնել ինտերնետի եւ համակարգիչների հարցում:

Լազար Եսայանը նշեց, որ էլեկտրոնային առողջապահության համակարգն ինքնին շատ լավ եւ կարեւոր բան է, եւ օրինակ՝ ստոմատոլոգներին հնարավորություն կտա տեղեկություն ստանալ այցելուի հիվանդությունների մասին, ինչն անչափ կարեւոր է բուժման մարտավարությունը որոշելիս: Սակայն, նրա խոսքով, այս կարեւոր նախաձեռնության իրականացման սխալն այն է, որ այս ամենը պետք է նախապես մատուցվեր: «Անհրաժեշտ էր նախապես պարզաբանել, նախապես քննարկել, եւ միայն հետո կլինիկաներին ուղարկել որոշումը, որ հունվարի 8-ից պետք է սա արվի, մարտի 1-ից՝ նա»,- ասաց նա՝ հավելելով, որ այստեղ առկա է նաեւ հիվանդի անձնական տվյալների պաշտպանության խնդիրը, եւ այս հարցը եւս բարձրացվել է Գյումրիի գերծընկերների բողոքի ընթացքում:

Գլխավոր ստոմատոլոգը պարզաբանեց, որ կառավարության որոշումը, որով նախատեսվում է 2018 թվականի մարտի 6-ից Հայաստանի լիցենզիա ունեցող բոլոր բուժհաստատություններին եւ դեղատներին պատրաստ լինել էլեկտրոնային առողջապահության համակարգին (armed.am կայք) միանալուն, ընդունվել է 2017 թվականի օգոստոսին: Այդ ժամանակ համակարգը, որպես փորձնական ծրագիր, օգտագործվել է միայն պետպատվերի շրջանակում հիվանդների սպասարկման դեպքում, եւ ինքը ենթադրում էր, որ այս որոշումը վերաբերում է միայն պետպատվեր իրականացնող բուժհաստատություններին: Այն մասին, որ այս որոշումը վերաբերում է նաեւ մնացյալ բոլոր հաստատություններին, հայտնի դարձավ այն բանից հետո, երբ դեկտեմբերի վերջին Առողջապահության նախարարությունը բոլորին նամակ ուղարկեց, եւ դա իրենց համար անակնկալ էր:

Տոներից հետո գլխավոր ստոմատոլոգը հանդիպել է առողջապահության փոխնախարարներ Սամվել Մարգարյանի եւ Տիգրան Սահակյանի հետ: «Զրույցների ընթացքում պարզվեց, որ ծրագիրն ինքնին շատ կարեւոր է: Սակայն ես ասացի, որ ինչպես այն ինձ ներկայացրին, այդպես էլ կարող էին ներկայացնել բոլոր ստոմատոլոգներին, նրանց հետ քննարկել, եւ միայն դրանից հետո որոշում ընդունել»,- ասաց նա՝ հավելելով, որ քննարկումներն անարդյունք չէին. ներկա պահին նախարարի հրամանով հանձնաժողով է ստեղծվել՝ Տիգրան Սահակյանի գլխավորությամբ, որը կազմել է մարզային ստոմատոլոգների եւ armed.am կայքի կոնցեսիոների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակացույցը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ կապված armed.am կայքի բարձր սակագների հետ, Լազար Եսայանը նշեց, որ սակագների հարցը նույնպես ԱՆ-ի ու կոնցեսիոների հետ քննարկվում է: «Կարծում եմ, որ մենք այս հարցում ընդհանուր հայտարարի կգանք»,- ասաց նա:

Ի պատասխան NEWS.am Medicine-ի այն հարցին, թե ստոմատոլոգիական կլինիկաներն այսօր արդյոք պատրա՞ստ են համակարգին միանալուն (որոշման համաձայն՝ վերջնաժամկետը 2018 թվականի մարտի 6-ն է), թե՞ կառավարության որոշումը, փաստորեն, անհնար է կատարել, Լազար Եսայանը պատասխանեց, որ մարզերի կլինիկաների 99.99 տոկոսը դրան պատրաստ չէ: «Նրանք դեռեւս հանդիպման եւ իրենց հարցումների պատասխաններին են սպասում: Եվ միայն այդ հանդիպումներից հետո հստակ կլինի, թե ինչ սխեմայով ենք աշպխատելու»,- ասաց նա՝ հավելելով, որ նոր գրաֆիկը կարող է կազմվել միայն շրջաններում հանդիպումներից հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում