Կատվի կծոցից հետո տղամարդը կորցրել է խոսելու, կարդալու եւ գրելու ունակությունը

8 մարտի, 2018  13:04

Հունաստանից 53-ամյա տղամարդը զրկվել է խոսելու, կարդալու եւ գրելու ունակությունից այն բանից հետո, երբ տղամարդուն կծել է իր ձեռնասունը: Այս տարօրինակ դեպքի բուժմամբ զբաղվող բժիշկների կարծիքով՝ տղամարդը, հնարավոր է, ծանր ինֆեկցիա էր տարել, որը տարածվել էր ուղեղի վրա:

Բժիշկները նախապես ենթադրել են, որ հիվանդի մոտ ուղեղի վնասվածքի ախտանիշներ են, որոնք կարող էին կաթվածի հետեւանքով առաջանալ: Սակայն տղամարդու մոտ այս բոլոր ախտանիշները, ում անունը էթիկական նկատառումերով չի հրապարակվում, սկսել են զարգանալ այն բանից անմիջապես հետո, երբ կատուն նրա ոտքը կծել է: Նրա մոտ ախտորոշել են, այսպես կոչված, կատվի ճանկռվածքի հիվանդություն՝ Bartonella henselae բակտերիաների առաջացրած ինֆեկցիա, որը պարունակվում է կատուների բերանի խոռոչում եւ ճանկերի վրա: Հիվանդությունն առաջացնում է ջերմություն, հոգնածություն եւ ավշային հանգույցների այտուց: Ծայրահեղ դեպքերում այն կարող է բերել ուղեղի մահացու այտուցի եւ սրտի ինֆեկցիաների:

Տղամարդը դիմել է Աթենքի Laikon Hospital, որի բժիշկներին ցույց է տվել կատվի կծած տեղում 2 կարմիր պզուկ: Բժիշկները մտածել են, թե խոսքը կատվի ճանկռվածքի հիվանդության մասին է, որից հետո հիվանդին հակաբիոտիկներ են նշանակել: Սակայն կուրսն ավարտելուց մեկ շաբաթ հետո նա կրկին նույն հիվանդանոցում է հայտնվել: Այս անգամ տղամարդը չէր կարողանում խոսել, կարդալ եւ գրել: Բժիշկները դեֆիցիտ են հայտնաբերել կոգնիտիվ ֆունկցիաների բոլոր 5 հատվածներում:

Բժիշկները ենթադրել են, որ հիվանդի մոտ Բրոկի աֆազիա է՝ ուղեղի վնասվածք, որը սովորաբար կաթվածի հետեւանքով է առաջանում: Սակայն ուղեղի սքանով եւս ոչինչ չի հայտնաբերվել: Դրա փոխարեն թեստերը Bartonella henselae-ի բարձր մակարդակ են ցույց տվել, եւ բժիշկները նրան հակաբիոտիկների նոր կուրս են նշանակել: Հիվանդի վիճակը բարելավվել է ընդամենը 3 օր հետո, նրան հիվանդանոցից դուրս են գրել 5 օր անց: Հաջորդ ամսվա ընթացքում տղամարդու զննումներով նեյրոլոգիական ոչ մի ախտանիշներ չեն հայտնաբերվել, նա աշխատանքի է վերադարձել, իսկ բժիշկները նրան խորհուրդ են տվել կատուներին ավելի զգույշ վերաբերվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում