Ամերիկացի դեռահասը մահացել է ուղեղն ախտահարած ինֆեկցիայի պատճառով

15 մարտի, 2018  19:04

Ամերիկացի դեռահաս Մարկել Բրամլիի մոտ բժիշկները սինուսիտ էին ախտորոշել ու տուն ուղարկել՝ հորդորելով «հնարավորություն տալ օրգանիզմին հաղթահարել վիրուսը»,  որից մի քանի շաբաթ անց  նա մահացել է։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը։

13-ամյա դեռահասը հիվանդանոցում էր հայտնվել գլխացավի գանգատներով ու մրսածության նշաններով։ Նրան տուն էին ուղարկել, խորհուրդ տալով օրգանիզմին հնարավորություն տալ հաղթահարել հիվանդությունը։ Երկար ժամանակ գլխացավը չէր անցնում, ու նրա ծնողները եւս մի քանի անգամ ստիպված են եղել շտապ օգնություն կանչել։

Հերթական հոսպիտալացումից հետո երեխային ՄՌՏ են կատարել, որը ցույց է տվել, որ ինֆեկցիան տարածվել է ուղեղում։ Բրամլին ենթարկվել է վիրահատության, բայց քանի որ հիվանդությունը բարձիթողի վիճակում էր, նա կոմայի մեջ է ընկել։

Որոշ ժամանակ անց երեխան մահացել է հիվանդանոցում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում