Խլամիդիոզը 2 անգամ մեծացնում է ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականությունը

19 մարտի, 2018  20:14

Խլամիդիոզը, որը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից մեկն է 2 անգամ մեծացնում է ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականությունը: Ըստ որում՝ մարդու պապիլոմայի վիրուսը այս հավանականության վրա հատուկ ազդեցություն չունի: Այսպիսի եզրակացության են հանգել նոր հետազոտության հեղինակները, որի արդյունքները կներկայացվեն ապրիլին American Association for Cancer Research ամենամյա հանդիպման ժամանակ:

Ինչպես նշել է National Cancer Institute-ից Բրիթոն Թրաբերթը, հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու պապիլոմայի վիրուսն առանձնապես չի ազդում ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականության վրա, հատկապես եթե այն համեմատենք խլամիդիոզի ազդեցության հետ: Հետազոտողները վերլուծել են ԱՄՆ-ից եւ Լեհաստանից ավելի քան 1000 կանանց տվյալները: Ըստ որում՝ չի հաջողվել պարզել՝ խլամիդիոզի վաղ բուժումը կարո՞ղ է էապես նվազեցնել ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ ձվարանների քաղցկեղը բավական հազվադեպ է հանդիպում, սակայն այս հիվանդությամբ տառապող կանանց վերապրելիության միջին թիվը ցածր է: ԱՄՆ-ում կանանց շրջանում սա ըստ մահացության աստիճանի 5-րդ չարորակ ուռուցքն է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ քաղցկեղի այս տեսակով տառապող կանանց 55 տոկոսը մահանում է ախտորոշումը կատարելուց հետո 5 տարվա ընթացքում:

Ինչ վերաբերում է խլամիդիոզին, այն դասվում է առավել տարածված սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների շարքին. հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ միայն ԱՄՆ-ում ավելի քան 1,5 մլն մեծահասակ բնակիչներ ներկայումս այս ինֆեկցիայի կրող են:

Խլամիդիոզը մեծ մասամբ բավականին հաջողությամբ բուժվում է, սակայն քանի որ հիվանդությունը հազվադեպ է արտահայտվում որեւէ ընդգծված ախտանշանով, հիվանդներից շատերը այն պարզապես անտեսում են եւ չեն փորձում բուժվել: Ցավոք, ձվարանների քաղցկեղը նույնպես առանց տեսանելի ախտանշանների է զարգանում ընդհուպ մինչեւ վերջին փուլը, երբ արդեն գրեթե անհնար է բուժել: Այս պատճառով սեռապես ակտիվ կանանց խորհուրդ է տրվում պարբերաբար զննվել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ստուգման համար, իսկ դրանք հայտնաբերվելու դեպքում պարտադիր բուժման կուրս անցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում