Լինոլաթթվի մեծ պարունակությամբ սնունդը նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը

21 մարտի, 2018  16:06

Օմեգա-6 չհագեցած ճարպաթթուների մեծ պարունակությամբ սնունդը կարող է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման եւ վաղաժամ մահվան հավանականությունը, ապացուցել են Հարավային Ֆինլանդիայի համալսարանի հետազոտողները: Այս մասին հայտնում է EurekAlert!-ը:

Հետազոտողները ճարպաթթուների մակարդակը որոշել են 42-ից 60 տարեկան 2480 տղամարդկանց արյան մեջ: Դիտարկումների 22 տարիներին հիվանդությունների հետեւանքով մահացել է նրանցից 1143-ը: Պարզվել է, որ վաղաժամ մահվան հավանականությունը 43 տոկոսով ցածր է եղել այն մարդկանց շրջանում, ում օրգանիզմում առկա էր լինոլաթթվի ամենաբարձր խտությունը: Ըստ որում՝ նվազել է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր առողջական վիճակների՝ քաղցկեղից բացի: Նման, սակայն ավելի թույլ արդյունք է ունեցել արախիդոնաթթուն:

Լինոլաթթվի եւ մյուս օմեգա-6 չհագեցած ճարպաթթուների մակարդակը որոշվում է մարդու սննդակարգով: Մասնավորապես՝ լինոլաթթվի աղբյուր են համարվում բուսական յուղերը, ընկուզեղենը եւ սերմերը:

Համարվում էր, որ չհագեցած ճարպաթթուները, չնայած իրենց բարերար ազդեցությանը, մի շարք քրոնիկական հիվանդությունների պատճառն են: Սա պատճառաբանվում էր մարդու օրգանիզմում լինոլաթթվի վերափոխմամբ արախիդոնաթթվի, որն իր հերթին համարվում է բորբոքմանը նպաստող միացությունների նախորդը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում