Դաունի համախտանիշով երեխաներն ավելի լավ է ընտանիքում մեծանան, քան հատուկ հաստատություններում. մասնագետ

21 մարտի, 2018  14:38

Այսօրվա դրությամբ Հայաստանի մասնագիտացված մանկատներում կա մոտ 450 երեխա, որոնցից 56-ը՝ Դաունի համախտանիշով: Ինչպես լրագրողներին հայտնեց Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավար Հարություն Բալասանյանը, իր հաստատությունում այսօր Դաունի համախտանիշով 12 խնամարկյալ կա, իսկ ընդհանուր՝ 216 երեխա:

Հարություն Բալասանյանի խոսքով՝ Դաունի համախտանիշով երեխաներն ավելի լավ է ընտանիքում մեծանան, այլ ոչ թե մասնագիտացված հաստատությունում. ընտանիքում երեխան ավելի շատ ուշադրություն կստանա եւ կկարողանա ամբողջությամբ իրականացնել իր պոտենցիալը, հատկապես՝ եթե նրա հետ զբաղվեն ոչ միայն ազգականները, այլեւ մասնագետները: Իսկ նման երեխաները պոտենցիալ ունեն՝ նրանց մեծ մասը, մանկատան ղեկավարի խոսքով, հեշտ են սովորում, համբերատար են, հանգիստ եւ բարեհամբույր, կարող են իրենց մասին ինքնուրույն հոգ տանել, զբաղվել արհեստներով:

Այս ամենին, իհարկե, մանկատներում սովորեցնում են, սակայն այնտեղ ուսուցիչները քիչ են, իսկ երեխաները՝ շատ, եւ ուսուցիչնեը պարզապես ֆիզիկապես չեն հասցնում յուրաքանչյուրին այնքան ուշադրություն հատկացնել, որքան պահանջվում է: Արդյունքում՝ արհեստներ սովորելու մեջ հաջողությունների հասած երեխաների թիվն այնքան շատ չէ, որքան կլիներ այլ պայմաններում:

Հարություն Բալասանյանի խոսքով՝ մեկ այլ խնդիր է այն, որ չափահաս դառնալով Դաունի համախտանիշով կամ այլ հիվանդություններով երեխաները, որոնք մեծացել են մանկատանը, գնալու տեղ չունեն. Հայաստանում չկան սոցիալական հաստատություններ, որտեղ նրանք կարող են ապրել, եւ ձեռնարկություններ, որտեղ կարող են աշխատել: Այս պատճառով նրանցից շատերը շարունակում են մանկատանն ապրել, արհեստով զբաղվել, երբեմն սովորեցնում են մյուս երեխաներին:

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Թադեւոսյանն, իր հերթին, նշեց, որ նորմալ կրթություն ստանալը Դաունի համախտանիշով երեխաների համար շատ հնարավորություններ է բացում. երեխան որքան վաղ ներգրավվի ինկլյուզիվ կրթության համակարգին, այնքան մեծ հնարավորություններ կունենա հասարակության մեջ իր տեղը գտնելու համար՝ անկախ նրա հնարավորություններից եւ զարգացման նախնական մակարդակից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում