Աշխարհում յուրաքանչյուր 3-րդ մարդը վարակված է տուբերկուլյոզով, բայց նրանց միայն 10%-ն է հիվանդանում. մասնագետ

23 մարտի, 2018  15:09

Աշխարհում գրեթե յուրաքանչյուր երրորդ մարդը վարակված է տուբերկուլյոզով, սակայն հիվանդությունը ոչ բոլոր վարակվածների մոտ է զարգանում: Ինչպես պնդում է առողջապահության նախարարության գլխավոր ֆտիզիատր Լյուբով Նիկոլայանը, եթե մարդու իմունային համակարգն ուժեղ է, նա ճնշում է օրգանիզմի մեջ հայտնված միկրոբակտերիաների՝ տուբերկուլյոզի հարուցիչների աճը, եւ հիվանդությանը թույլ չի տալիս զարգանալ: Իսկ եթե իմունային համակարգը թուլացնում է իր պաշտպանությունը, հիվանդությունը կարող է գլուխ բարձրացնել:

Մասնագետի խոսքով՝ տուբերկուլյոզով հիվանդանում է դրանով վարակվածների միայն մոտ 10 տոկոսը: Ճիշտ է, այսպես կոչված, ռիսկի խմբի մեջ մտնող մարդկանց շրջանում հիվանդության զարգացման հավանականությունը ավելի բարձր է. նրանք առաջին հերթին իմունոդեֆիցիտի տարբեր տեսակներով տառապող հիվանդներն են, ինչպես նաեւ ՄԻԱՎ ինֆեկցիա կրողները:

Շատ կարեւոր է, որ վերջինների մոտ ՄԻԱՎ-ն ախտորոշվում է նրանց մոտ տուբերկուլյոզն արդեն հայտնաբերելուց հետո, եւ հաճախ՝ շատ ուշ, արդեն ՁԻԱՀ-ի փուլում: Ամբողջ հարցն այն է, որ ՄԻԱՎ ինֆեկցիան մի քանի տարի շարունակ չի արտահայտվում՝ այդ տարիների ընթացքում այն կրողի օրգանիզմը թուլացնելով եւ նրան խոցելի դարձնելով այլ ինֆեկցիաների նկատմամբ: Իսկ երբ հիվանդի մոտ 2 ինֆեկցիաներն էլ հայտնաբերում են, պարզվում է, որ նա արդեն նվազագույնը 7-8 տարի ՄԻԱՎ կրող է:

Ինչպես նշեց գլխավոր ֆտիզիատրը, այսօրվա դրությամբ՝ աշխարհի տարբեր երկրներում տուբերկուլյոզի տարածվածությունը տարբեր է: Այսպես՝ ԱՄՆ-ում 100 հազար մարդու հաշվարկով գրանցվում է տուբերկուլյոզի ընդամենը 3 դեպք, Ճապոնիայում՝ 17, Ռուսաստանում վերջին տարիներին հիվանդացությունը ավելի նվազել է՝ 80-ից մինչեւ մոտ 50 դեպք: Որոշ աֆրիկական երկրներում տուբերկուլյոզը լայնորեն տարածված է եւ ախտորոշվում է 100 հազար մարդուց 300-700-ի մոտ: Համեմատության համար՝ Հայաստանում հիվանդացության ցուցանիշն է 100 հազարին 23,3: Սա, ինչպես նշեց մասնագետը, 100 հազարին 25-ից ցածր ցուցանիշ է, եւ լավ է համարվում:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Հայաստանում գրանցվել է տուբերկուլյոզի 691 նոր դեպք, ինչը 14 տոկոսով պակաս է, քան 2016-ին: Նրանցից 84-ի մոտ հայտնաբերվել է ոչ միայն տուբերկուլյոզ, այլեւ ՄԻԱՎ ինֆեկցիա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում