Գիշերը սթրեսի հորմոնների արտադրումը խախտում է ճարպային հավասարակշռությունը, ինչը բերում է ավելորդ քաշ հավաքելուն: Անչափ կարեւոր է հենց ժամանակը, երբ դուք լարվածություն եք ապրում: Ցիրկադային ռիթմերի խափանումը ավելորդ քաշի հայտնվելու համար արձակման մեխանիզմ է: Երբ մարդիկ քրոնիկական սթրես են ապրում, գիշերները հորմոններ պարունակող դեղեր են ընդունում, գիշերային հերթափոխում են աշխատում կամ երկարատեւ թռիչքներ են կատարում, ապա կորտիզոլն արտադրվում է ոչ սահմանված ժամանակ: Սա առաջացնում է նոր ճարպային բջիջներ, հատկապես փորի շրջանում, հայտնում է Daily Mail-ը:
Հետազոտողները՝ ԱՄՆ Սթենֆորդի համալսաանի Բժշկական դպրոցի (Stanford University School of Medicine) քիմիական եւ համակարգային կենսաբանության դոցենտ Մերի Թերուելի ղեկավարությամբ, մտահոգված են բնական եւ շատ լավ հայտնի գործընթացով, որի դեպքում մեր օրգանիզմը ճարպային բջիջներ է արտադրում:
Մարդու օրգանիզմում կան, այսպես կոչված, նախորդող բջիջներ, որոնք միջանկյալ վիճակում են գտնվում չդիֆերենցված ցողունային բջջի եւ ամբողջությամբ դիֆերենցվածի միջեւ: Հենց դրանք են վերափոխվում ճարպային բջիջների, ինչը բերում է մարմնի զանգվածի մեծացման:
Առողջ մարդու օրգանիզմը իր նախորդող բջիջների ոչ ավելի քան 1 տոկոսն է վերափոխում ճարպային բջիջների եւ դա անում է գլյուկոկորտիկոիդային հորմոնների օգնությամբ:
Ինչպես իրենց հոդվածում պարզաբանում են Մ. Թերուելը եւ նրա գործընկերները, մարդու գլյուկոկորտիկոիդների մակարդակն օրվա ընթացքում բնականորեն բարձրանում է եւ նվազում, ու կարգավորվում է մեր ցիրկադային ռիթմերին համապատասխան: Այս հորմոնների արտադրումը կարող է նաեւ ուժեղանալ արտաքին գործոններով, ինչպիսին են կարճաժամկետ կամ երկարաժամկետ սթրեսը:
Այս պրոցեսը գիտնականների մոտ մի շարք լրացուցիչ հարցեր է առաջացրել: «Ինչո՞ւ մենք ամեն անգամ ճարպի մեջ չենք խեղդվում, երբ գլյուկոկորտիկոիդների մակարդակն առավոտյան բարձրանում է նորմալ ցիրկադային ռիթմի հետեւանքով, մարզումներից հետո կամ տաքից ցրտին անցնելիս: Եվ ինչո՞ւ է գլյուկոկորտիկոիդային սեկրեցիայի նորմալ ռիթմը խախտվում, օրինակ, քրոնիկական սթրեսի կամ քնի խանգարումների դեպքում»,- հստակեցնում է Մ. Թերուելը:
Պատասխանները գտնելու համար գիտնականները մի քանի փորձ են կատարել: Դրանցից առաջինում նախորդող բջիջներին 4 օր «ռիթմիկ ռիթմում» «լողացրել» են գլյուկոկորտիկոիդների կոկտեյլի մեջ: Նրան հաշվել են, թե քանի նախորդող բջիջ է վերափոխվել ճարպային բջջի: Գիտնականները պարզել են, որ հորմոնների մեկ 48-ժամյա իմպուլսը բջիջների մեծ մասին ստիպել է վերափոխվել ճարպային բջիջների, այն դեպքում, որ ավելի կարճ իմպուլսները բերել են բջիջների նվազագույն դիֆերենցիայի:
Վերջապես, գիտնականները թեստավորել են՝ արդյոք հայտնաբերված ցիրկադային կոդն աշխատում է նաեւ կաթնասունների մոտ: Նրանք մկների խմբում 21 օր մեծացրել են գլյուկոկորտիկոիդների մակարդակը եւ նրանց մարմնի զանգվածը համեմատել կրծողների ստուգիչ խմբի մարմնի զանգվածին:
Փորձը ցույց է տվել, որ գլյուկոկորտիկոիդների բարձրացված մակարդակով մկների մարմնի զանգվածը կրկնակի մեծացել է ստուգիչ խմբի համեմատությամբ: Սա, ինչպես պարզել են գիտնականները, պատճառաբանվում է ոչ միայն նոր ճարպային բջիջների արտադրությամբ, այլեւ արդեն գոյություն ունեցողների աճով:
Մ. Թերուելի կարծիքով՝ ստացված արդյունքները բացատրում են, թե ինչու է գլյուկոկորտիկոիդներով բուժումը (ռեւմատիկ արթրիտով, համակարգային կարմիր գայլախտով եւ ասթմայով հիվանդների մոտ) կապված մարմնի զանգվածի մեծացման հետ, եւ կարող են այս վիճակի դեմ պայքարելու միջոց առաջարկել: Այսպես՝ եթե գլյուկոկորտիկոիդներ ընդունեն կամ սթրես ապրեն միայն ցերեկային ժամերին, ապա մարմնի զանգվածի մեծացումը կդադարի կամ այդքան արտահայտված չի լինի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում