Ճիշտ սննդակարգը եւ մարզումները մեղմում են շագանակագեղձի քաղցկեղի բուժման կողմնակի էֆեկտները

13 ապրիլի, 2018  10:43

Ճիշտ սննդակարգը եւ սպորտով զբաղվելը կօգնեն նկատելիորեն մեղմել շագանակագեղձի քաղցկեղի բուժման կողմնակի էֆեկտները: Այսպիսի եզրակացության են հանգել Ohio State University-ի գիտնականները:

Անդրոգեն-դեպրիվացիոն թերապիան, որն անցկացվում է քաղցկեղի այս տեսակի բուժման շրջանակում, ճնշում է տեստոստերոնի եւ սեռական այլ հորմոնների սինթեզը, որոնք արագացնում են շագանակագեղձի քաղցկեղի աճը: «Արական» հորմոնների մակարդակի նվազումը բերում է ճարպաշերտերի աճի եւ մկանային զանգվածի կորստի: Այս ամենը, բնականաբար, կարող է առողջական բազմաթիվ այլ խնդիրներ առաջացնել:

Գիտնականներն իրականացրել են 32 տղամարդու մասնակցությամբ ոչ մեծ հետազոտություն, որոնք անդրոգեն-դեպրիվացիոն թերապիա էին անցնում: Մասնագետները հիվանդներից կեսի համար ամենօրյա մարզումների եւ սննդակարգի ծրագիր են մշակել: Մնացյալ մասնակիցները վարժությունների եւ սննդակարգի մասին ընդհանուր հրահանգեր են ստացել:

12 շաբաթ տեւած փորձի վերջում պարզվել է, որ ծրագրին հետեւող տղամարդկանց մկանային զանգվածը մեծացել է, եւ նրանք ազատվել են ավելորդ քաշից: Մնացյալ կամավորները կորցրել են մկանային զանգվածի մի մասը, իսկ ճապաշերտերի քանակությունը մեծացել է:

Այսպիսով, ճիշտ սննդակարգը եւ ամենօրյա մարզումները համահարթում են անդրոգեն-դեպրիվացիոն թերապիայի կողմնակի էֆեկտները:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Behavioral Medicine ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում