Ինչպե՞ս պետք է սնվեն երիկամային հիվանդություններով մարդիկ

10 մայիսի, 2018  21:26

Երիկամային քրոնիկական հիվանդություններով մարդկանց խորհուրդ է տրվում սահմանափակել կալիումի օգտագործումը, քանի որ նրանց երիկամները չեն կարողանում կալիումն ինչպես հարկն է մշակել, ինչի հետեւանքով տեղի է ունենում արյան մեջ այս հանքանյութի կուտակում:

Ինչպես փոխանցում է Medical News Today-ը, երիկամային հիվանդությունների բուժման համար դեղամիջոցների ընդունումը եւս կարող է բերել օրգանիզմում կալիումի մակարդակի բարձրացման, հենց այս պատճառով հիվանդներին խորհուրդ է տրվում իրենց սննդակարգից կրճատել շատ կալիում պարունակող մթերքների քանակությունը:

Կալիումով հարուստ մթերքները, որոնցից խորհուրդ է տրվում խուսափել.

ընկուզեղեն, ընդեղեն, լոբի, կարտոֆիլ, բանան, կաթնամթերքների մեծ մասը, ավոկադո, աղի մթերքներ, ֆասթֆուդ, մշակված մսամթերքներ, հատիկավոր մթերքներ, սպանախ, դդում, լոլիկ, բանջարեղենային հյութ

Դրանք հարկ է փոխարինել կալիումի համեմատաբար  փոքր պարունակությամբ մթերքներով, որոնք են.

խնձոր, հատապտուղներ (մոշ, հապալաս, ելակ, ազնվամորի), խաղող, արքայախնձոր, ձմերուկ, ծնեբեկ, բրոկոլի, գազար, կալե (գանգրաթերթ կաղամբ), կաղամբ, վարունգ, սպիտակ բրիձ, լապշա, հաց, ցուկինի (կանաչ դդմիկ), դեղին սքվոշ (դեղին դդմիկ):

Կալիումի չափից ավելի բարձր պարունակության դեպքում կարող է առիթմիա դիտվել, մկանային սպազմներ, իսկ դրա դեֆիցիտի դեպքում՝ մկանային թուլություն: Ընդհանրապես կալիումն օգնում է մկաններին կծկվել, պահպանում է էլեկտրոլիտների հավասարակշռությունը, սրտի ֆունկցիան, կարգավորում է արյան ճնշումը: Այն նպաստում է տոքսիններից օրգանիզմը մաքրելուն, բջջային աճին, ուղեղ թթվածնի մատակարարմանը եւ փոխանակման պրոցեսների կայունացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում