Ամերիկացի հետազոտողները հատուկ նանոթելեր են ստեղծել, որոնք կարող են մարդու զարկերակներից եւ այլ անոթներից հեռացնել խոլեստերինային վահանիկները եւ ճարպային պալարները, եւ դրանց աշխատանքը հաջողությամբ ստուգել են մկների վրա: Փորձերի արդյունքները ներկայացվել են Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած ATVB 2018 գիտաժողովում:
«Աթերոսկլերոզի զարգացումը կարելի է արգելակել՝ օգտագործելով ստատինները եւ այլ դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են խոլեստերինի «վատ» տեսակների խտությունը: Մյուս կողմից, ինչպես ցույց են տալիս վերջին փորձերը, ստատիններն անկարող են վերացնել հիվանդության արդեն գոյություն ունեցող հետքերը: Մեր թելերը կարող են այս խնդիրը լուծել»,- ասել է Չիկագոյի Հյուսիսարեւմտյան համալսարանից Նիլ Մանսուքհանին:
Մանսուքհանին եւ նրա գործընկերները աթերոսկլերոզի դեմ ռեալ դեղի ստեղծման առաջին քայլն են կատարել՝ փորձարկումներ իրականացնելով կարճ սպիտակուցային մոլեկուլներով, որոնք մարդու արյան մեջ ընկնելով կարող են ինքնուրույն հավաքվել երկար թելանման շղթաներում:
Գիտնականները դրանք այնպես էին ձեւափոխել, որ դրանց «գլուխն» իր կառուցվածքով սկսել է հիշեցնել apoA1 սպիտակուցի առանցքային հատվածը, այդ թվում՝ նաեւ խոլեստերինի: Կենսաբանների մտահղացմամբ՝ նման թելերը կկառչեն ճարպային վահանիկներին, դրանք կպոկեն անոթների մակերեւույթից եւ կտեղափոխեն լյարդ, որտեղ կքայքայվեն մասերի եւ արյան հոսքից աստիճանաբար դուրս կգան:
Այս գաղափարով առաջնորդվելով՝ գիտնականները համանման թելերից լուծույթը ներարկել են մի քանի մկների մարմնի մեջ, որոնց մոտ LXR գենը հեռացվել էր, որը պատասխանատու է լյարդի բջիջներում խոլեստերինի նորմալ արտադրման համար: Եթե այսպիսի կրծողները յուղոտ սնունդով էին սնվում, արագ աթերոսկլերոզ էին ձեռք բերում եւ սատկում մեծ թվով խոլեստերինային վահանիկներով աորտայի ծածկվելու հետեւանքով:
Այս փորձերը ցույց են տվել, որ սպիտակուցային թելերի նույնիսկ փոքր դոզաների ներարկումը խոլեստերինային վահանիկների թիվը 9 տոկոսով կրճատել է, իսկ բուժման ընդամենը 8 շաբաթում մկների արյունատար համակարգի բոլոր մասերում՝ 11 տոկոսով, եւ նկատելիորեն երկարացրել է նրանց կյանքի տեւողությունը:
Մանսուքհանին եւ նրա գործընկերները հույս ունեն առաջիկայում սկսել այս դեղի մինչկլինիկական եւ կլինիկական փորձարկումները: Միաժամանակ, գիտնականներն ընդգծում են, թե չարժի սպասել, որ իրենց դեղամիջոցն արդեն վաղը դեղատներում կհայտնվի՝ դրա անվտանգությունն ու արդյունավետությունը ստուգելու համար կպահանջվի եւս մի քանի տարի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում