Հղիանալ ցանկացող կանայք պետք է շաբաթական ոչ պակաս 4 ժամ սպորտով զբաղվեն. գիտնականներ

14 մայիսի, 2018  10:41

Հղիանալ ցանկացող կանայք պետք է շաբաթական 4 ժամ հատկացնեն ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը. 240 րոպե տեւողությամբ ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը կարող է վիժում ունեցած կանանց շրջանում ֆերտիլությունը մեծացնել: Այս մասին հայտնում են University of Massachusetts-ի գիտնականները:

Human Reproduction ամսագրում հրապարակված հետազոտությանը մասնակցել է 18-40 տարեկան 1200 կին, որոնք անցյալում նվազագույնը մեկ վիժում են ունեցել: Մասնակիցները դաշտանային 6 ցիկլում փորձել են հղիանալ:

Պարզվել է, որ ֆիզիկական վարժությունները էապես մեծացրել են մասնակիցների հղիանալու հավանականությունը: Մասնագետների ենթադրությամբ՝ ամբողջ հարցն այն է, որ ֆիզիկական ակտիվությունը ֆերտիլության վրա ազդում է մոլեկուլյար մակարդակում:

Արդյունքը կախված էր կանանց մարմնի զանգվածի համաթվից. այսպես՝ ավելորդ քաշով կանանց հղիանալուն օգնել են ընդամենը 10 րոպե տեւողությամբ կանոնավոր զբոսանքները: Ավելին՝ պարտադիր չէր, որ նրանք մեծ ինտենսիվության վարժություններ կատարեին: Զբոսանքների շնորհիվ հղիանալու հավանականությունը 82 տոկոսով աճել է: Հետագա անալիզը ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվությանը ոչ պակաս 4 ժամ տրամադրած բոլոր կանանց մոտ հղիանալու հավանականությունը 69 տոկոսով մեծ էր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում