10 հետաքրքիր փաստ հիպերտոնիայի մասին

10 մայիսի, 2014  21:16

NEWS.am Medicine-ը հավաքել է 10 հետաքրքիր փաստ հիպերտոնիայի մասին, որոնցից շատերը Ձեզ անծանոթ են

1. Վիճակագրություն

Բարձր զարկերակային հիպերտոնիայով տառապում է աշխարհում ամեն երրորդ չափահաս մարդը: Հայաստանում այն ախտորոշվել է չափահասների 30%-ի , իսկ 60 տարեկանից բարձր մարդկանց 70%-ի մոտ: Ընդ որում, հիպերտոնիայով հիվանդ մարդկանց միայն 9%-ն է վերահսկում իր ճնշումը:

2. Սեռերի տարբերություն

Մինչեւ 45 տարեկան կանայք ավելի քիչ են տառապում բարձր զարկերակային ճնշումով, քան նույն տարիքի տղամարդիկ: Նրանց մոտ նաեւ ավելի քիչ են հանդիպում ինֆարկտի ու ինսուլտի դեպքեր, քանի որ կանանց էստրոգեն հորմոնը պաշտպանում է նրանց: Սակայն 65 տարեկանից բարձր կանայք ավելի հաճախ են տառապում հիպերտոնիայով, քան նույն տարիքի տղամարդիկ:

3. Տարբեր ռասաներ, տարբեր ճնշումներ

Հայտնի է, որ սեւամորթները ավելի հաճախ են տառապում հիպերտոնիայով, քան սպիատակամորթները: Իսպանացիների եւ լատինոամերիկացիների մոտ այս հիվանդությունն ի հայտ է գալիս բավականին երիտասարդ տարիքում: Աֆրիկացի տղամարդկանց 43%-ը, իսկ կանանց 45%-ը ունեն բարձր ճնշում, այն դեպքում, երբ սպիտակամորթների մոտ այս ցուցանիշը տատանվում է 30%-ի սահմանում, իսկ մեքսիկացիների մոտ՝ 27% է:

4. Սպիտակ խալաթի հիպերտոնիան

Բժշկի սենյակում շատ մարդկանց ճնշումը բարձրանում է: Այդ մարդկանց ճնշումը սովորաբար նորմայի սահմաններում է, բայց ստուգումների ժամանակ այն բարձրանում է, հավանաբար հուզմունքից, որն առկա է շատ մարդկանց մոտ, երբ նրանք գտնվում են բժշկի սենյակում: Այս երեւույթը ստացել է սպիտակ խալաթի հիպերտոնիա անվանումը:

5. Ճնշումը փոփոխական է

Զարկերակային ճնշումը փոփոխվում է օրվա ընթացքում: Երբ Դուք քնած եք, այն սովորաբար ցածր է, իսկ օրվա ընթացքում այն բարձրանում է:

6. Ճնշումը տարիք չի հարցնում

Հիպերտոնիայով տառապում են ոչ միայն մեծահասակները, այլեւ երբեմն երեխաները, պատանիները. ընդ որում բարձր ճնշումը նրանց համար նույնքան վտանգավոր է, որքան չափահասների համար:

7. Որոշ մարդիկ ավելի մեծ հակվածություն ունեն

Ոչ մեկը հիպերտոնիայից երաշխավորված չէ, սակայն որոշ մարդիկ ավելի հակված են այս խնդրի առաջացմանը, քան մյուսները: Հիպերտոնիան, մասնավորապես, ավելի հաճախ է հանդիպում ճարպակալումով տառապող մարդկանց մոտ, ինչպես նաեւ հարբեցողների եւ հորմոնալ հակաբեղմնավորիչներ ընդունող կանաց մոտ:

8. Ինչից է պետք խուսափել

Բարձր զարկերակային ճնշումը կանխարգելելու համար մասնագետները խորհուրդ են տալիս նվազեցնել կերակրի աղի եւ կենդանական ճարպի օգտագործումը: Խորհուրդ է տրվում խոզի եւ տավարի միսը փոխարինել ձկան եւ հավի մսով, իսկ կերակուրը պատրաստելիս օգտագործվող յուղն ու ճարպը փոխարինել բուսական յուղով:

9. Ինչ է պետք ուտել

Միրգն ու բանջարեղենը կարող են առողջ պահել անոթները, իսկ ճնշումը՝ նորմայի սահմաններում, այդ պատճառով անհրժեշտ է դրանք ներառել ամենօրյա սննդակարգի մեջ: Ի դեպ, ձմերուկը հայտնի է որպես ճնշում իջեցնող միջոց:

10. Եվ, իհարկե, ծխելը

Ծխելը զգալիորեն բարձրացնում է հիպերտոնիայի հավանականությունը: Ծխողները, եւ անգամ պասիվ ծխողները, ավելի հակված են ինֆարկտի եւ ինսուլտի առաջացմանը, այդ պատճառով ինչքան էլ որ անտրամաբանական հնչի, մասնագետները խորհուրդ են տալիս չչարաշահել ծխախոտը:

Հիշեցնենք, ար այսօր զարկերակային հիպերտոնիայի դեմ պայքարի միջազգային օրն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում