Հակաբիոտիկները վաճառվելու են դեղատոմսով, մնացած դեղերի մասով 1 տարով հետաձգում կլինի․ նախարար

17 մայիսի, 2018  13:45

Ամենայն հավանականությամբ մենք մեկ տարով կհետաձգենք այն դեղամիջոցների  դեղատոմսերով դուրսգրման  ներդրումը, որոնց մասով օրենքը պետք է ուժի մեջ մտներ հուլիսի 1-ից ու հոկտեմբերի 1-ից։ Այս մասին Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Հակաբիոտիկների մասով մասնագետները հակված են դեղատոմսերը ուժի մեջ թողնելուն, քանի որ հակաբիոտիկների չարաշահումը լուրջ խնդիր է»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է էլեկտրոնային առողջապահությանը՝ նախարարը նշել է, որ հիմա Armed համակարգի միջոցով  է իրականացվում պետական ֆինանսավորումը, ու այդ մասով փոփոխություններ չեն լինի։

Ինչ վերաբերում է կլինիկական մասին, ապա հիմա սկսվել են քննարկումներ, քանի որ եղել են բազմաթիվ գանգատներ, որոնք հիմնականում օբյեկտիվ են՝ անձնակազմի, տեխնիկայի, կապի բացակայությունը և այլն։  «Սակագների մասով մենք կդիտարկենք, թե որքանով են դրանք օբյեկտիվ, ու ինչու է հենց այդ օպերատորը իրականացնում այդ գործառույթները»,- ասել է նա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում