«Իզմիրլյան» ԲԿ-ում իրականացվել է լյարդի բլթի մասնահատման բարդ վիրահատություն

31 մայիսի, 2018  16:49

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում իրականացվել է քաղցկեղային հիվանդության պատճառով լյարդի ձախ բլթի հեռացման բարդ վիրահատություն: Հայաստանում նման վիրահատությունները կատարվում են եզակի կլինիկաներում եւ շատ հազվադեպ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Հրաչյա Բաղդասարյանը:

«Սա տեխնիկապես բարդ վիրահատություն է»,- պարզաբանեց նա:

Բժշկի խոսքով՝ լյարդի մասնահատման վիրահատությունները «Իզմիրլյան» ԲԿ-ում ներդրվել են 10-12 տարի առաջ՝ Ռուսաստանից օնկոհեպատոլոգ Խաչատուր Բադալյանի աջակցությամբ: Եվ այս ժամանակահատվածում «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվել է այսպիսի մոտ 15 վիրահատություն: Այս վիրահատությունները կատարվում են ինչպես լյարդի առաջնային քաղցկեղով ախտահարման՝ հեպատոցելյուլար եւ խոլանգիոցելյուլար կարցինոմայի դեպքում, այնպես էլ երկրորդային, մետաստազների դեպքում: Վերջերս վիրահատված հիվանդի մոտ երկրորդ դեպքն էր՝ մետաստազներ, որոնք զարգացել էին հաստ աղիքի քաղցկեղի հետեւանքով:

Հրաչյա Բաղդասարյանը հայտնեց, որ հիվանդին 2015 թվականին կոլոռեկտալ քաղցկեղ են ախտորոշել, կատարվել է հաստ աղիքի մասնահատում: Սակայն հետագայում նրա մոտ մետաստազներ են զարգացել լյարդի ձախ բլթում: Տղամարդը բուժում է ստացել արտերկրում՝ նրան կատարել են ռադիոաբլյացիա եւ քիմիաէմբոլիզացիա: «Այս բուժումը կանգնեցրել է մետաստազների աճը, սակայն խնդիրը վերջնականորեն չի լուծել, իսկ վիրաբույժների համար լրացուցիչ տեխնիկական դժվարություններ են  ստեղծվել»,- նշեց Հրաչյա Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ ռադիոաբլյացիայի եւ քիմիաէմբոլիզացիայի հետեւանքով ատիպիկ անոթների մեծ ցանց է առաջացել, ինչը դժվարացրել է անատոմիական վերֆիկացիան: Եթե սովորական դեպքերում նման վիրահատությունը տեւում է մինչեւ 5 ժամ, ապա այս դեպքում այն տեւել է գրեթե 9 ժամ: «Մեզ հաջողվեց կապել բիլթ գնացող անոթները, դռներակի ճյուղավորումները: Մեծ դժվարությամբ հաջողվեց լյարդի ձախ դարպասի մոտ նույնականացնել երակն ու զարկերակը, լեղածորանը: Եվ միայն դրանք կապելուց հետո հաջողվեց կատարել լյարդի ձախ բլթի հատումը»,- պատմեց վիրաբույժը: Նա հավելեց, որ վիրահատության ընթացքում կատարվել է մանրակրկիտ ռեվիզիա, որպեսզի որովայնի խոռոչում մետաստազներ չմնան, անցկացվել է լիմֆոդիսեկցիա:

«Վիրահատությունը փաստացի կարելի է ռադիկալ համարել, քանի որ հեռացվել են բոլոր տեսանելի ախտահարված ավշահանգույցները, եւ նյութն ուղարկվել է հիստոլոգիական հետազոտության: Հիստոլոգների պատասխանից է կախված հիվանդի բուժման հետագա մարտավարությունը, հնարավոր է՝ քիմիաթերապիա նշանակվի»,- ասաց նա:

Բժշկի խոսքով՝ հիվանդի մոտ հետվիրահատական շրջանը հարթ է անցել, սակայն նա դեռեւս երկար կմնա բժիշկների հսկողության ներքո՝ կհետեւի ապրելակերպի եւ սնվելու հրահանգներին:

Ինչպես պարզաբանեց Հրաչյա Բաղդասարյանը, հիվանդը, բնականաբար, պետք է հետեւի որոշակի սննդակարգի, որպեսզի չծանրաբեռնի մասնահատված լյարդը, որտեղ են չեզոքացվում  շատ  տոքսիկ նյութեր:

Նա նաեւ հավելեց, որ նման պաթոլոգիաների դեպքում  երբեմն կարիք է առաջանում լյարդի փոխպատվաստման, սակայն Հայաստանում այս վիրահատությունը դեռեւս յուրացված չէ, քանի որ լուծված չէ դոնորության հարցը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում