Առողջապահության նախարար. Ես ուզում էի, որ իմ երկրորդ երեխան նույնպես աղջիկ լինի. բժիշկը շոկի մեջ էր

16 հունիսի, 2018  21:08

Երբ իմ կինը հղի էր երկրորդ երեխայով եւ մենք գնացինք ՈՒՁՀ-ի, ես ասացի, որ հույս ունեմ, որ իմ երկրորդ երեխան նույնպես աղջիկ կլինի: Բժիշկը շոկի մեջ էր եւ չէր կարողանում հասկանալ, թե ինչպես տղամարդը կարող է ցանկանալ աղջիկ ունենալ: Այս մասին «Լոֆթ» սրճարանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով սելեկտիվ աբորտների եւ հաշմանդամ եւ ՄԻԱՎ-ով կանանց հանդեպ բժիշկների խտրական վերաբերմունքի մասին հարցին:

Նա հավելեց, որ դժվար թե այդպես կմտածեն Հայաստանի բոլոր տղամարդիկ: Ըստ նախարարի, իգական սեռի հանդեպ ճիշտ վերաբերմունքը պետք է դաստիարակել մանկապարտեզից ոչ ուշ եւ այդ դեպքում 25 տարի անց մենք կհասնենք դրան: Ընդ որում Թորոսյանը նշեց, որ Հայաստանում այդ հարցի  վերաբերյալ  իրավիճակը վատ չի համարում. կան երկրներ, որտեղ իրավիճակն ավելի վատ է:

«Մենք այդքան էլ կնատյաց չենք: Մենք պետք է ձգտենք ավելի լավը դառնալ: Այո, սելեկտիվ աբորտները պետք է բացառել, բայց դա չի բացառվում անգամ ամենազարգացած երկրներում»,- ասաց նա:

Նախարարը հավելեց, որ Հայաստանում մոր եւ մանկան առողջության պահպանման ոլորտը ամենազարգացածներից է, քանի որ այստեղ շատ միջազգային ծրագրեր են իրականացվել:

Ինչ վերաբերում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին, ապա այստեղ բժիշկների վերաբերմունքի հարցը կա՝ անկախ սեռից եւ դա մշակույթի հարց է, ինչպես նաեւ կրթության  եւ բժիշկների վերապատրաստման, որոնց ուսուցման ժամանակ ՄԻԱՎ-ի մասին տեղեկություններ չկային:

«Մշակութային հեղափոխության կարիք կա նաեւ առողջապահության ոլորտում», - ասաց նա՝ նշելով, որ այդ հարցը կարելի է ներառել բժիշկների վերապատրաստման ծրագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում