Երեքամյա աղջնակի համար աչքի պրոթեզ են պատրաստել իր փորի ճարպից

10 հուլիսի, 2018  21:12

Մեծ Բրիտանիայից 3 տարեկան Մայա Հոքսվելի համար, որը ծնվել է առանց աջ աչքի,  աչքի պրոթեզ են պատրաստել նրա փորի ճարպային հյուսվածքից: Աղջիկը երկրում առաջին հիվանդն է, ում նման վիրահատություն են կատարել:

Ինչպես փոխանցում է The Daily Mail-ը, աղջիկը մեկ աչքից կույր է ծնվել: Միկրոֆտալմիա ախտորոշումը կատարվել է ծնվելուց 3 օր հետո: Միկրոֆտալմիան շեղում է, որի դեպքում մարդու  մեկ կամ երկու աչքերը թերզարգացած են:

«Ես նրան տեսնելուն պես հասկացա, որ մի բան այն չէ»,- ասել է 3-ամյա Մայայի մայրը:

Մեկ տարեկանում նրան սովորական պրոթեզ են դրել: Սակայն ծանրության պատճառով այն փոքրիկի դեմքը ձեւախախտում էր: Այդ ժամանակ բժիշկները որոշել են նրա փորից ճարպի 1-միլիմետրանոց շերտ վերցնել եւ այն օգտագործել որպես նոր աչքի նյութ: Սա բավական եզակի վիրահատություն է եւ կիրառվում է միայն այն դեպքերում, երբ մյուս միջոցները չեն համապատասխանում:

Աղջկա մոր խոսքով՝ եթե իրենք չվճռեին հեղափոխական վիրահատությունը կատարել, աղջկա դեմքը ցած կիջներ եւ կձեւախախտվեր արհեստական ակնախնձորի ծանրությունից: Բացի այդ, արհեստական աչքն արդեն մի քանի անգամ երեխայի մոտ ինֆեկցիաներ էր առաջացրել:

Աղջիկը ստիպված է պրոթեզն ամեն տարի փոխել բնական աճի պատճառով:

Մայայի մայրը արդեն դրամահավաքի արշավ է գործարկել դեղերի եւ աղջկան խնամելու համար:

Ծրագրվել է, որ փոխարինող պրոթեզը պատրաստ կլինի այն պահին, երբ աղջիկը դպրոց կհաճախի: Հիմա Մայան 3 տարեկան է, նա չի ամաչում ժպտալուց եւ կենսուրախ երեխա է երեւում, չնայած ամբողջ կյանքում մի աչքից կույր կմնա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում