Հնդիկ վիրաբույժները գլխի չափ հազվագյուտ ուռուցք են հեռացրել (ֆոտո)

18 հուլիսի, 2018  20:47

55-ամյա Սոմայ անունով հնդիկը 20 տարի շարունակ անտեսել է իր պարանոցի վրա աճող ուռուցքը:  Երկար ժամանակ նա մտածել է, որ դա ընդամենը բորբոքված վահանաձեւ գեղձն է, եւ անտեսել է խնդիրը: Երբ նա վերջապես եկել է բժիշկների մոտ, ուռուցքն արդեն տղամարդու գլխի չափ էր դարձել:

The Daily Mail-ը հայտնում է, որր Սոմային վիրահատել են հուլիսի 13-ին King George's Medical Hospital-ում: Վիրահատությունը տեւել է 3.5 ժամ եւ, վիրաբույժների կարծիքով, բավականին բարդ է եղել:

«Ուռուցքը գտնվում էր նրա ծնոտի տակ եւ ճնշում էր գործադրում քներակների վրա՝ հիմնական անոթների, որոնք արյուն են մատակարարում ուղեղին, պարանոցին եւ դեմքին»,- նշել է վիրաբույժներից մեկը՝ Օնկար Վեդարը:

Ուռուցքի ընդհանուր քաշը, որը, ինչպես պարզվել է, զարգանում էր նրա թքագեղձից, 1.4 կգ էր: Հեռացված հյուսվածքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուռուցքը բարորակ էր:

Այժմ 55-ամյա տղամարդը երկար տարիների ընթացքում առաջին անգամ կարող է առանց ցավի պպտել գլուխը: Հիմա նա վերականգնվում է վիրահատությունից հետո եւ մոտ ապագայում, երբ մասնագետները հեռացնեն կարերը, կկարողանա վերադառնալ տուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում