Դիաբետի պատճառը կարող է լինել տարածված ներկանյութը. հետազոտություն

24 հուլիսի, 2018  10:48

Տարածված սպիտակ ներկանյութը՝ տիտանի երկօքսիդը, կարող է կապված լինել 2-րդ տիպի դիաբետի զարգացման մեծ վտանգի հետ: Նման եզրահանգում են կատարել University of Texas-ի գիտնականները, որոնք այս նյութի բյուրեղային մասնիկներ են հայտնաբերել դիաբետիկների ենթաստամոքսային գեղձում:

Ի տարբերություն մետաղների մեծ թվով այլ միացությունների՝ նորմայի մեջ մարդու հյուսվածքներում տիտանի երկօքսիդ (TiO2) չի պարունակվում: Գիտնականներն ուսումնասիրել են ենթաստամոքսային գեղձի 9 դեղամիջոցներ, որոնց համար դոնորներ են եղել դիաբետիկները եւ 3 առողջ մարդիկ: Վերջինների օրգանում TiO2-ի որոշելի մասնիկներ չեն եղել, սակայն այն գտնվել է դիաբետիկների ստացած դեղամիջոցներում:

Հետազոտության հեղինակ Ադամ Գելերը նշել է, որ ստացած արդյունքները հարց են առաջացնում հնարավորության մասին, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետը կարող է լինել ենթաստամոքսային գեղձի քրոնիկական բորբոքային հիվանդություն, որը կապված է բյուրեղների հետ՝ թոքերի այնպիսի հիվանդությունների նման, ինչպիսին են ասբեստոզը եւ սիլիկոզը:  

XX դարի կեսին տիտանի երկօքսիդը փոխարինել է կապարի հիմքով տոքսիկ պիգմենտներին: Այն դարձել է ներկերում եւ սնունդում, դեղորայքում, ատամի մածուկում, կոսմետիկայում, պլաստիկայում եւ թղթում առավել լայն օգտագործվող սպիտակ պիգմենտը: 

Ըստ ԱՀԿ-ի՝ վերջին 40 տարում 2-րդ տիպի շաքարային դիաբետով մարդկանց թիվը 4 անգամ աճել է: Չնայած հիվանդության վտանգի հիմնական գործոններ են համարվում ճարպակալումը եւ տարիքը, Գելերի հետազոտությունը ցույց է տալիս, որ տիտանի երկօքսիդի օգտագործման աճը նույնպես կարող է կապված լինել հիվանդացողների թվի արագ մեծացման հետ:

Հետազոտությունը հրապարակվել է Chemical Research in Toxicology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում