Արտաքինի շտկման համար ավելի շատ մարդիկ են դիմում լուսանկարների մշակման հավելվածների տարածման պատճառով

7 օգոստոսի, 2018  10:56

Պլաստիկ վիրաբույժները մտահոգված են, որ ավելի շատ մարդիկ են դիմում արտաքինի շտկման համար լուսանկարների մշակման հավելվածների տարածման պատճառով:

Ինչպես հայտնում է The Tech Times-ը, եթե նախկինում գեղեցկության չափանիշ էին դերասանուհիներն ու մոդելները, ապա հիմա գործնականում ցանկացածը կարող է լուսանկարներում ցնցող տեսք ունենալ՝ ուղղակի տարբեր ֆոտոխմբագիրներ օգտագործելով: Մինչդեռ խմբագրված լուսանկարներն իրականում նվազեցնում են մարդու ինքնագնահատականը՝ առաջացնելով սեփական արտաքինից դժգոհություն եւ այն կատարելության հասցնելու ցանկություն:

Բոստոնի համալսարանի Բժշկական դպրոցի բժիշկները այս ֆենոմենն արդեն կնքել են որպես «Snapchat դիսմորֆիա»:

Այսօր այնպիսի հավելվածները, ինչպիսին է Snapchat-ը, հնարավորություն են տալիս արտաքինը փոխել կոճակը մեկ անգամ սեղմելով: Ըստ JAMA Facial Plastic Surgery ամսագրում հրապարակված հոդվածի՝ պլաստիկ վիրաբույժներին սկսել են դիմել ավելի շատ մարդիկ, որպեսզի այնպիսի տեսք ունենան, ինչպես ֆիլտրված լուսանկարներում: Շատերը ցանկանում են մեծ աչքեր ունենալ, ավելի հյութեղ շրթունքներ եւ ավելի բարակ քիթ: Ստացվում է, որ ֆոտոխմբագիրները մարդկանց դրդում են իրենց արտաքինը շտկելուն:

Նախկինում, երբ լուսանկարների խմբագրումն այնքան էլ հասանելի չէր, շատերի համար գեղեցկության խորհրդանիշ էին հայտնիները եւ մոդելները: Իսկ հիմա, երբ գործընկերները, համադասարանցիները եւ ազգականները կարող են իրենց արտաքինը փոխել կոճակը մեկ անգամ սեղմելով, դա դառնում է ցածր ինքնագնահատականի պատճառ, իսկ որոշ դեպքերում բերում է մարմնի դիսմորֆիկ խանգարման: Նման խանգարմամբ անձինք հաճախ են այցելում մաշկաբանի եւ պլաստիկ վիրաբույժների՝ իրենց արտաքինը փոխելու նպատակով:

Մինչդեռ հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր համացանցում լուսանկարներ հրապարակելու համար հաճախակի են օգտագործում ֆոտոխմբագիրներ, իրականում իրենց արտաքինից գոհ չեն: Բժիշկների կարծիքով՝ այս ամենն արդյունքում բերում է նրան, որ մարդիկ իրականության հետ կապը կորցնում են այն գաղափարի պատճառով, որ իրենք իրականում պետք է այնպիսի արտաքին ունենա, ինչպիսին է խմբագրված տարբերակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում