Զինծառայողներին եւ փրկարարներին պետպատվերով բուժօգնությունն այսուհետ կտրամադրվի ՊԱԳ-ի հաստատմամբ

14 օգոստոսի, 2018  12:58

Այսուհետ ԱՐՄԵԴ համակարգով նախքան որոշ ծառայությունների մատուցումը` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) ֆինանսավորմամբ, բուժհաստատությանն անհրաժեշտ է ստանալ թույլտվություն ՊԱԳ-ի կողմից՝ նախնական հարցման տեսքով։ Այս մասին հայտնում է Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորը։

Առողջապահության նախարարի 2018թ. հրամանով «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկումը 1000-ից ավելի ծառայությունների համար կիրականացվի ՊԱԳ-ի հաստատմամբ:

Սա նշանակում է, որ եթե մինչ այս բուժհաստատությունն էր կայացնում պացիենտին պետության կողմից երաշխավորվող անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն և բուժման ուղեգիր տրամադրելու հիմքերի համապատասխանությունը սահմանված պահանջներին, ապա այսուհետ գործընթացը կառավարվելու է ՊԱԳ-ի կողմից։

Այս ընթացակարգը նշված խմբերին պետության կողմից երաշխավորվող անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն տրամադրելու գործընթացը դարձնում է առավել վերահսկելի, նվազեցնում է բուժահաստատությունների ինքնագործունեության և համակարգային խնդիրներով պայմանավորված կոռուպցիոն ռիսկերը։

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում փաստացի կատարված աշխատանքները, առկա տեղերը և հերթագրումները հասանելի են Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի պաշտոնական վեբկայքում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում