Քնի պակասը կարող է հանգեցնել ճարպակալման եւ դիաբետի

24 օգոստոսի, 2018  21:15

Քնի պակասը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու օրգանիզմի հյուսվածքներում կենսաբանական փոխանակության վրա: Այս մասին ասված է Շվեդիայի Ուպսալայի համալսարանի մասնագետների հետազոտությունում:

Ըստ Science Advances-ի՝ հետազոտության շրջանակում գիտնականները 15 կամավորների օգնությամբ ուսումնասիրել են քնի պակասից հետո մոլեկուլյար մակարդակով օրգանիզմի հյուսվածքների վիճակը: Փորձի առաջին հատվածի ընթացքում կամավորները մեկ օր համալսարանական լաբորատորիայում են անցկացրել՝ նորմալ սնունդ ընդունելով եւ գիշերը 8 ժամ քնելով: Երկրորդ հատվածում նրանց արգելվել է գիշերը քնել:

Յուրաքանչյուր փորձից հետո կամավորներից ենթամաշկային ճարպի եւ կմախքի մկանային զանգվածի նմուշներ են վերցրել: Այս հյուսվածքների վիճակը հաճախ մատնանշում է դիաբետի եւ ճարպակալման դեպքում կենսաբանական փոխանակության խախտումները:

Մոլեկուլյար անալիզը վկայում է, որ գիշերային ժամերին արթուն մնալն ազդում է հյուսվածքների փոփոխության վրա:

Փորձի արդյունքում նաեւ պարզվել է, որ քնի ռեժիմի խախտման դեպքում օրգանիզմը փորձում է ճարպ կուտակել, մինչդեռ մկանային հյուսվածքը դեգրադացիայի նշաններ է ցույց տալիս՝ արյան մեջ շաքարի շրջանառության հնարավորության նվազմամբ: Գիտնականները ենթադրում են, որ ստացված տվյալները կարող են մասամբ բացատրել, թե ինչու է քնի ռեժիմի խախտումն ու հերթափոխով աշխատանքը մեծացնում քաշի ավելացման եւ երկրորդ տիպի դիաբետի զարգացման վտանգը:

Հաշվի առնելով, որ տվյալները ստացվել են փորձի մասնակիցների՝ միայն մեկ անքուն գիշերվա հիման վրա, հետազոտողները մտադիր են շարունակել ուսումնասիրությունը՝ ստացված տվյալները հաստատելու համար: Նրանց, մասնավորապես, հետաքրքրում է, կարո՞ղ են, արդյոք, նորմալ քունը, դիետան եւ մարզումները վերականգնել օրգանիզմի նյութափոխանակությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում