Կաթը վաղաժամ մահից փրկում է

13 սեպտեմբերի, 2018  20:25

Օրական կաթնամթերքի երեք չափաբաժնի օգտագործումը կապված է սիրտ-անոթային հիվանդությունների եւ վաղաժամ մահվան հավանականության նվազման հետ: Այսպիսի եզրակացության են հանգել Մաքմասթերի համալսարանի (Կանադա) գիտնականները, նշված է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Հետազոտությանը մասնակցել է 21 երկրներից 35-70 տարեկան 136 384 մարդ: Մասնագետները որոշել են կամավորների սննդակարգը եւ 9,1 տարի հետեւել են նրանց առողջական վիճակին: Դիտարկումների ժամանակահատվածում գրանցվել է մահվան 6796 դեպք եւ սիրտ-անոթային հիվանդությունների 8555 դեպք:

Կաթնամթերքի մեկ չափաբաժինը համարժեք էր մեկ բաժակ կաթին կամ 244 գրամ քաշով յոգուրտին, 15 գրամ պանրին կամ 5 գրամ կարագին:

Հետազոտության բոլոր մասնակիցներին բաժանել են 4 խմբի՝ ամեն օր օգտագործվող չափաբաժնի քանակությանը համապատասխան: Պարզվել է, որ նրանք, ովքեր ամենամեծ քանակությամբ կաթնամթերք են գործածել (միջինը 3,2 չափաբաժին), 2,2 տոկոսով նվազեցրել են (սիրտ-անոթային հիվանդություններից եւ այլ պատճառներով) մահանալու հավանականությունը՝ այն մարդկանց համեմատությամբ, որոնք կաթնամթերք չեն օգտագործել: Ընդ որում՝ օգտակար է եղել նույնիսկ ոչ յուղազերծ կաթնամթերքը (2,9 չափաբաժին քանակությամբ), որը վաղաժամ մահվան հավանականությունը նվազեցրել է 1,1 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում