Ինչո՞ւ է մահացել 22-ամյա կինը. Ամուսինը եւ բժիշկները տեղի ունեցածի տարբեր վարկածներ ունեն

18 սեպտեմբերի, 2018  21:31

Սեպտեմբերի 3-ին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է ՌԴ քաղաքացի, Եկատերինբուրգի բնակիչ, 22-ամյա Վալերիա Սորոկինան: Նրա ամուսինն ու բժիշկները տեղի ունեցածի տարբեր վարկածներ ունեն, որը երիտասարդ աղջկա մահվան է բերել:

Վալերիա Սորոկինան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց է տեղափոխվել օգոստոսի 26-ին: Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց Սորոկինայի ամուսինը՝ Արթուր Թադեւոսյանը, հիվանդանոց ընդունվելիս նա գանգատվել է միրգ գործածելուց հետո փորի ցավերից: Ընդ որում, նրա խոսքով, կինն ի վիճակի էր ինքնուրույն գնալ հիվանդասենյակ: Թադեւոսյանը տեղեկացրեց, որ նույն օրը նրանից արյան անալիզ են վերցրել, եւ գլյուկոզայի ցուցանիշները նորմայի սահմաններում էր:

«Հաջորդ օրը մենք գնացինք հիվանդանոց նրան տուն տանելու: Նա ինքն իրեն նման չէր, պառկած տնքում էր: Բժիշկները մեզ բացատրեցին, որ մրսել է, գիշերը նյարդային վիճակում է եղել, նրան դիազեպամ են տվել: Նրան կատարեցին արյան կրկնակի անալիզ, եւ պարզվեց, որ գլյուկոզան բարձրացել է մինչեւ 20»,- պատմեց նա:

Բուժման ընթացքում Սորոկինան մի օր կարճ ժամանակով գիտակցության է եկել, սակայն այնուհետեւ նրա վիճակը վատթարացել է: Բժիշկները աղջկա մերձավորներին բացատրել են, որ նրա մոտ ասպիրացիոն թոքաբորբ է: «Սեպտեմբերի 3-ին մահվանից 4 ժամ առաջ նա ուռեց, սակայն մեզ բացատրեցին, որ դա թոքերի օդափոխության արհեստական սարքին միացնելու հետեւանքով է եւ կանցնի: Եվս 2 ժամ հետո բժիշկները ռենտգեն արեցին եւ հայտարարեցին, որ նրա թոքերի ու բրոխների հետ ամեն ինչ կարգին է»,- հայտնեց Թադեւոսյանը:

Մինչդեռ փորձաքննությունից հետո ազգականներին տեղեկացրել են, որ աղջկա թոքերից մեկը քայքայած էր եւ «պատռված»: Թադեւոսյանի կարծիքով՝ բուժման ընթացքում նրան 15-20 անգամ թոքերի ռենտգեն են արել, եւ բժիշկները մերձավորներին ասում էին, թե «ամեն ինչ լավ ուղղությամբ է գնում»: «Արդյունքում նա մահացավ «պատռված» թոքի պատճառով: Եթե դա ժամանակին  հայտնաբերվեր, ապա բժիշկները կկարողանային նրան վիրահատել եւ կյանքը փրկել»,- հայտարարեց նա:

Թադեւոսյանը նշում է նաեւ, որ հիվանդանոցում գողացել են Սորոկինայի նշանի մատանին: Նրա խոսքով՝ նա այս հարցով չի դիմել քննչական մարմիններին, քանի որ ուշ է նկատել կորուստի փաստը: «Նրա մարմինը դիահերձարանում էր, մինչ ես պատրաստում էի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որ նրան վերցնեի: Այն, որ մատանին չկար, հայտնաբերեցի Ռուսաստան թռչելուց տառացիորեն մի քանի ժամ առաջ: Ես այդ մասին հայտնեցի հիվանդանոցի տնօրենին, ասացի, որ դա մարդկային չէ եւ անհրաժեշտ է լավ հետեւել սեփական բժիշկներին: Ես ոչ մի փոխհատուցում չէմ ուզում, ես ուզում եմ, որ մատանին ինձ վերադարձնեն»,- նշեց նա:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում  տեղեկացրեց, որ Սորոկինան հիվանդանոց է ընդունվել օգոստոսի 26-ին մշուշոտ գիտակցության վիճակում: «Նման հիվանդների մոտ հաճախ են դիտվում թուլություն, սրտխառնոց, փսխում, փորացավեր: Կլինիկա ընդունվելու օրը համանման գանգատներ ուներ Սորոկինան»,- հայտնեց նա՝ հավելելով, որ կնոջ ազգականների խոսքով՝ իրենք դիաբետի մասին ոչ մի բան չգիտեին:

Անհրաժեշտ հետազոտություններից եւ անալիզներից հետո սկսվել է ինսուլինի ներերակային ներարկում: Հաջորդ օրը բարձրացել է նրա ջերմությունը, վիճակը վատթարացել է երիկամային ֆունկցիայի վատթարացման  եւ դիուրեզի նվազման ֆոնին, հիվանդը միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարքին:

«Բարձր լեյկոցիտոզի եւ շնչառական ուղիներում սննդի մնացորդների հայտնաբերման ֆոնին, որը կարող էր հայտնվել նախակոմայի ժամանակ փսխման ընթացքում, վարակի առաջին կասկածը թոքերի բորբոքումն է: Վերջինիս կապակցությամբ ներերակային հակաբիոտիկային թերապիա է սկսվել:

Հաջորդ մի քանի օրվա ընթացքում հիվանդի վիճակը համեմատաբար կայուն է գնահատվել, արյան մեջ լեյկոցիտների եւ գլյուկոզայի մակարդակը դինամիկորեն նվազել են: Մահվան օրը հիվանդի վիճակը կտրուկ վատթարացել է, ենթամաշկային էմֆիզեմա է զարգացել, անցկացվել է կրծքի վիրաբույժի կոնսուլտացիա, ռենտգենոգրաֆիա եւ բրոնխոսկոպիա, թոքամզի խոռոչների դրենաժավորում»,- ասաց հիվանդանոցի տնօրենը:

«Ամենայն հավանականությամբ, հիվանդի մոտ զարգացել է դեստրուկտիվ թոքաբորբ եւ թոքամզի խոռոչ օդ է մղվել, հարազատները կասկածում են, որ դրանում մեղավոր է արհեստական շնչառության սարքը: Սակայն թոքերի դեստրուկցիայի առաջնային պատճառը թոքերի վարակն է»,- ասաց Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ տեսականորեն առաջնային վարակը կարող էր վիրուսային լինել կամ թոքերի մեջ փսխուքի զանգվածի հետ սննդի մնացորդների հայտնվելու հետեւանք: Ստամոքսի աղաթթուն արագ քայքայում է թոքերի էպիթելերը, եւ բորբոքումն արագ զարգանում է:

Ինչ վերաբերում է մատանու կորստին, ապա Հովակիմյանը նշեց. «Եթե դա համապտասխանում է իրականությանը, ապա մենք ամբողջությամբ կփոխհատուցենք վնասը: Մենք քննարկել ենք իրավիճակը վերակենդանացման բաժանմունքի վարիչի հետ, նրա խոսքով՝ կնոջ վրա միայն ականջօղեր կային, որոնք հարազատներին վերադարձրել են մինչեւ մահը»:

Հավելենք, որ Արթուր Թադեւոսյանը եւ Վալերիա Սորոկինան ունեն 3-ամյա դուստր: Թադեւոսյանը Ռուսաստանում է բնակվում, սակայն սեպտեմբերի 15-ին Հայաստան է վերադարձել՝ սպասելու դատաբժշկական փորձաքննության արդյունքներին. «Ես այստեղ կմնամ մինչեւ հասնեմ այս պատմության լուծմանը»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում