Որքան ընտանիքը մեծ է, այնքան ցածր է քաղցկեղի զարգացման հավանականությունը. հետազոտություն

13 հոկտեմբերի, 2018  18:00

Որքան ընտանիքը մեծ է, այնքան ցածր է քաղցկեղի զարգացման հավանականությունը: Այսպիսի եզրակացության են հանգել Ցյուրիխի համալսարանի գիտնականները, հայտնում է BMC Cancer-ը:

Հետազոտության շրջանակում վերլուծվել են աշխարհի 178 երկրներում հավաքված տվյալները: Արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ընտանիքի անդամների թվի եւ քաղցկեղի զարգացման հավանականության միջեւ փոխկապվածություն կա, ընդ որում՝ անկախ եկամուտներից, ուրբանիզացիայի մակարդակից եւ տարիքից:

Ընդ որում՝ հայտնաբերված կապը վերաբերում է ոչ միայն ընտանիքում երեխաների թվին, այլեւ միասին ապրող ընտանիքի անդամների թվին: Մասնավորապես՝ մեծ ընտանիքներում գրանցվել է մելանոմայով, գլխուղեղի, թոքերի, ստամոքսի, կրծքագեղձի, ձվարանների եւ արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության նվազում:

Գոյություն ունի նաեւ բացասական համահարաբերակցություն քաղցկեղի զարգացման հաճախության եւ միեւնույն մորից ծնված երեխաների թվի միջեւ:

Մեծ ընտանիքում կյանքից ամենամեծ «առողջարար էֆեկտը» հայտնաբերվել է տղամարդկանց մոտ: Գիտնականները սա բացատրում են այն հանգամանքով, որ ընտանիքը որոշակի էմոցիոնալ միկրոկլիմա է ստեղծում, որն ընդունակ է մեծացնել հիվանդություններին դիմադրողականությունը: Դրանից բացի, ընտանիքի անդամները միմյանց օգնում են ավելի առողջ ապրելակերպ վարելու հարցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում